Ձերբակալում են և ապօրինություններ են թույլ տալիս, որի բուն նպատակը ՍԴ  նկատմամբ ոտնձգությունները գագաթնակետին հասցնելն է. փաստաբանը՝ Արսեն Բաբայանի մասին

12:07 • 22.10.19

Իմ անձնական գնահատականն այն է, որ անձին ակնհայտորեն ապօրինի են զրկել ազատությունից, որովհետև հաղորդագրության մեջ կասկածանքը պաշտոնական կեղծիք կատարելու մեջ է, իսկ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն՝ այդ հոդվածով նախատեսված պահանջի առկայության պարագայում  որևէ մարմին իրավունք չուներ նույնիսկ քրեական գործ հարուցել:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: 

«Հիմա այսքանից հետո ակնհայտ է, որ այստեղ  հետին նպատակներ կան: Դատելով Արման Բաբաջանյանի դիմումից, պարզ է դառնում, որ սա Սահմանադրական դատարանի նկատմամբ  իրականացվող ոտնձգությունների մի մասն է կազմում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանի գնահատմամբ` նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդումը հանդիսացել է իշխանության գործիքը՝ որոշակի քաղաքական նպատակների  հասնելու համար իրավական տեսք տալուն:

«Այդ գործիքը կարող էր լինել ցանկացած մարդ՝ ցանկացած գործողություն: Բայց  ընտրվել է Արման բաբաջանյանը: Սրանով գործիքի օգտագործումն ավարտվում է»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Արման բաբաջանյանի գործողությունները համընկել է  իշխանության ցանկության հետ և այդ տրամաբանության մեջ  նա գործողություններ է իրականացրել: Պողոսյանն ասաց նաև, որ ձերբակալում են և ապօրինություններ են թույլ տալիս, որի բուն  նպատակը Սահմանադրական դատարանի  նկատմամբ ոտնձգությունները  գագաթնակետին հասցնելն է: