Մենք կարողացել ենք ապահովել հարյուրավոր երեխաների ՄԻԱՎ-ից զերծ ծնունդը. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյան
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակելու ամենախոցելի խումբը ներկայումս աշխատանքային միգրանտներն են, բայց գործադրված ջանքերի, աշխատանքների շնորհիվ հնարավոր է համաճարակային գործընթացները դարձնել կառավարելի: Մենք այսօր ունենք կայուն իրավիճակ: Այս մասին Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ համաճարակի զարգացման դեմ պայքարելու համար պետք է աշխատել նույն ջանքերով և մշտապես վերահսկողության տակ պահել գործընթացը:
Գրիգորյանը ներկայացրեց նաև, որ 2007 թվականից սկսված բոլոր այն մայրերից, որոնք ստացել են կանխարգելիչ հակառետրովիրուսային բուժում, ծնվել են ՄԻԱՎ-ից զերծ երեխաներ: «Մենք կարողացել ենք ապահովել հարյուրավոր երեխաների՝ ՄԻԱՎ-ից զերծ ծնունդը: Հայաստանը 2016 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունների կողմից ստացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխման, վերացման հավաստագիր. եղել է աշխարհում 4-րդ երկիրը, Եվրոպայում՝ առաջիններից մեկը»,- նշեց նա:
Գրիգորյանը հիշեցրեց, որ այն մոտ 75 հանրային միջոցառումները, որոնք անցկացվել են վերջին տարիների ընթացքում, խոշոր և փոքր քաղաքներում հազարավոր մարդկանց թույլ են տվել հետազոտվել և կարգավիճակ ստանալ: «7000-ից ավել մարդ այդ հանրային միջոցառումների ընթացքում անցել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն»,- ասել է նա։
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենն իր ելույթում շնորհակալություն հայտնեց կենտրոնի անձնակազմին՝ նշելով, որ աշխատակիցների անմնացորդ նվիրվածությունն իր ներդրումն ունի այս գործում։
Միջոցառմանն իր ելույթով ներկայացավ նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Խոսելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ տարվող կանխարգելիչ աշխատանքների մասին՝ դեսպանը նշեց, որ 2014 թվականից ի վեր ՌԴ-ն ավելի քան 5մլն դոլար է ծախսել ծրագրի վրա, և հայտնեց, որ նույն գործողությունները պլանավորվում են իրականացնել 2019-2020 թվականներին:
«Ռուսական ինստիտուտների օժանդակությամբ Հայաստանում ուժեղանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործընթացը»,- նշեց դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով Առողջապահության նախարարությանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին և Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:
ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները միջոցառման ժամանակ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի կողմից պարգևատրվեցին ԱՆ պատվոգրերով:


.jpg?1571833600647)
















