Ռուսաստանը Հայաստանին 3.5 մլն դոլար կհատկացնի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում. ՌԴ դեսպան

20:42 • 23.10.19

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանին 3.5 մլն դոլարի չափով օգնություն կհատկացնի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակային ծրագրի երրորդ փուլի շրջանակներում:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, դեսպանի տվյալներով՝ 2015-ից ի վեր Ռուսաստանը Հայաստանին ավելի քան 5 մլն դոլար է հատկացրել այդ ծրագրի իրականացման շրջանակներում:

Վերջինս ընդգծել է, որ ռուսական կողմի աջակցությամբ Հայաստանն արդեն երկու շարժական լաբորատորիա է ստացել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ստուգման համար, ևս մեկը մոտ ապագայում կուղարկվի Երևան: Բացի այդ, ավելի քան 250 մասնագետ վերապատրաստում է անցել:

Նշվում է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 3654 ՄԻԱՎ վարակակիր է գրանցվել Հայաստանում, որոնց 69 տոկոսը տղամարդիկ են: Գրանցվել է նաև ՄԻԱՎ-ի 60 դեպք երեխաների շրջանում: Ավելի քան 3500 մարդ հաշվառման է կանգնած և հակավարակային բուժում է ստանում: