Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ խորհրդին կից գիտական խորհրդատվական խորհրդի նիստը (տեսանյութ)

13:05 • 23.10.19

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդին կից գիտական խորհրդատվական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Բացման խոսքով հանդես եկավ Գիտական խորհրդատվական խորհրդի նախագահ Վալերի Կոժոկարը։ Նա նշեց, որ հանցավոր արարքների նոր մեթոդների և ձևերի ի հայտ գալը ժամանակակից աշխարհում որակապես վերափոխում է հանցավոր միջավայրը: Այս փոփոխությունների պայմաններում ներքին գործերի մարմինները ավելի հաճախ են սկսել իրենց աշխատանքի մեջ առնչվել կազմակերպված հանցավորության աճող դիմադրության հետ, որը դրսևորվում է տարբեր ձևերով:

Քննարկվեց համագործակցության արդյունավետությունը ԱՊՀ անդամ պետությունների միջև՝ միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, մարդկանց առևտրի, զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտում:

Ըստ բանախոսների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների պես նոր սպառնալիքի ի հայտ գալը պահանջում է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ մարմինների հատուկ ուշադրությունը: Ինտերնետ համաշխարհային ցանցի միջոցով կատարվում են խարդախություններ բանկային ոլորտում, հանցավոր նպատակներով օգտագործվում է կրիպտոտարադրամը, իրականացվում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, զենքի տարածում, անչափահասների ներգրավում ծայրահեղական և ահաբեկչական ուղղվածություն ունեցող դեստրուկտիվ խմբերում, որոնք էլ նրանց ինքնասպանության են հասցնում:

Այս առումով առանձնահատուկ կարևորվեց հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ մարմինների համատեղ գործողությունների իրականացումը, նաև՝ այդ աշխատանքների արտացոլումը գիտական գրականության մեջ:

Նիստի ավարտին ՌԴ ՆԳ նախարարի որոշմամբ գիտական խորհրդատվական խորհրդի անդամները պարգևատրվեցին հուշանվերներով: