Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ չի արձակվի. նախարարը մեկնաբանում է, թե ինչու

21:27 • 23.10.19

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցներից Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակման դիմումի մասին հարցին, ասաց, որ  Նաիրի Հունանյանը 20-ամյա ժամկետը լրանալուց հետո իրավական հնարավորությունից է օգտվել և դիմում ներկայացրել: Ըստ նախարարի՝ նման դիմում ստացվել է սեպտեմբերի 11-ին:

Նախարարը նշեց, որ դիմումի հետ կապված հնարավոր է մի քանի սցենար:

«Համար առաջին սցենար. եթե Պրոբացիայի ծառայությունը և Քրեակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։

Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է կրկին հարցը քննարկել դատական կարգով։

Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում արդեն իսկ Քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ Պրոբացիայի ծառայությունը ղեկավարվելու է նույն չափանիշներով նման գնահատական տալիս, կարծում եմ՝ ելքը պարզ է»,- ասաց նախարարը։