Բարսելոնայում ցուցարարները հեղուկ օճառ են լցրել շատրվանի մեջ
Բարսելոնայում երեքշաբթի երեկոյան կրկին բողոքի ակցիա է անցկացվել, որը նախաձեռնել են Կատալոնիայի անկախության աջակիցները, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է El País պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարները հավաքվել են Իսպանիայի հրապարակում: Նրանք հեղուկ օճառ են լցրել շատրվանի մեջ, և ջուրը խառնել հովանոցներով: Այսպիսով, ցուցարարները ցանկանում են «լվանալ փողոցներն անարդարությունից»:
Ակցիայի մասնակիցները նաև կատարել են Լյուիս Լյակի հայտնի «L'Estaca» երգը: Մինչև այս պահը հանրահավաքի ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ Կատալոնիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը 12 կատալոնացի քաղաքական գործչի ազատազրկման դատապարտեց 2017-ին անկախության հանրաքվե նախաձեռնելու համար:









