Անգլիայում բեռնատարում հայտնաբերված 39 մահացած մարդիկ Չինաստանի քաղաքացիներ են եղել. լրատվամիջոցները մանրամասներ են ներկայացրել (տեսանյութ)

15:19 • 24.10.19

Անգլիական Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական պարկի տարածքում գտնված բեռնատարում հայտնաբերված 39 մահացած մարդիկ Չինաստանի քաղաքացիներ են եղել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բրիտանական Daily Mail-ն էլ գրում է, որ բեռնատարում գտնված 39 ներգաղթյալները՝ 38 չափահաս և 1 դեռահաս, չեն դիմացել ցրտին, սակայն նրանց օգնության կանչերը ոչ ոք չի լսել:

Ոստիկանության համաձայն՝ նրանք Մեծ Բրիտանիա են մեկնել Բելգիայից՝ բեռնատար նավով: Նշվում է, որ արդեն մահացած մարդկանցով կոնտեյներն ընդունել է 26-ամյա իռլանդացի վարորդը: 

Նշվում է, որ կոնտեյներում օդի ջերմաստիճանը -25 աստիճան է եղել՝ ըստ Ցելսիուսի: 

Ոստիկանությունը ենթադրում է, որ ներգաղթյալներին բելգիական նավահանգստում նավ են ընդունել անցած երեքշաբթի, իսկ արդեն մահացած հայտնաբերել օրեր անց: Վարորդը ձերբակալվել է դեպքի վայրում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, անգլիական Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական պարկի տարածքում գտնվող բեռնատարում 39 մահացած մարդ էր հայտնաբերվել:

Բեռնատարի 26-ամյա վարորդը, որը ծնունդով Հյուսիսային Իռլանդիայից է, ձերբակալվել է սպանության կասկածանքով:

Քննիչների տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի սահմանն այն հատել էր հոկտեմբերի 19-ին: