ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՔԾ-ում էր․ հրավիրվել էր հարցաքննության

19:27 • 24.10.19

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն: Tert.am-ի տեղեկություններով՝ Գագիկ Հարությունյանը հրավիրվել էր հարցաքննության: Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ չեն հայտնում:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: 

Գագիկ Հարությունյանը ՀՔԾ հրավիրվել է սույն գործի շրջանակներում։