Ուրախ եմ արձանագրել, որ Սոչիում Սիրիայի հարցով ձեռքբերված համաձայնություններն առնչվում են նաև սիրիահայերի անվտանգությանը․ Նիկոլ Փաշինյան

09:45 • 24.10.19

Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնություններն անդրադարձել են նաև այն հարցերին, որոնք առնչվում են սիրիահայության անվտանգությանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ավելի քան 6 ժամ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հյուսիս-արևելքում առկա իրավիճակի շուրջ: