Ույղուր ակտիվիստը մարդու իրավունքների պաշտպանության՝ Սախարովի անվան մրցանակ կստանա
Եվրախորհրդարանը մարդու իրավունքների պաշտպանության` Սախարովի անվան մրցանակ է շնորհել ույղուրցի տնտեսագետ Իլհամ Թոհթիին, գրում է Washington Post-ը:
Եվրախորհրդարանի ղեկավար Դևիդ Սասոլին մրցանակակրի անունը հայտարարել է ստրասբուրգյան նիստի ժամանակ:
«Ուրախությամբ հայտնում եմ, որ Եվրախորհրդարանը որոշում է կայացրել Սախարովի անվան մրցանակ շնորհել Իլհամ Թոհթիին՝ մտքի ազատության պաշտպանության համար: Թոհթին իր կյանքը նվիրաբերել է Չինաստանում ույղուրցի ազգային փոքրամասնության իրավունքները պաշտպանելուն»,- ասել է Սասոլին:
Նա հավելել է, որ մրցանակը շնորհելով Թոհթիին՝ Եվրախորհրդարանը կոչ է անում Չինաստանին ազատել նրան և հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Թոհթին Չինաստանում ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ անջատողականություն սերմանելու համար: Թոհթին ձերբակալվել է 2014 թվականին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին Ստրասբուրգում:









