Պետական պաշտոնյաների պարգևավճարների առավելագույն չափերի սահմանման հետևանքով իմ պարգևավճարի չափը նվազել է. Դավիթ Անանյան
Պետական պաշտոնյաների պարգևավճարների առավելագույն չափերի սահմանման հետևանքով իմ պարգևավճարի չափը նվազել է: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերի գաղտնի բարձրացմանը:
«Այդ 1.5 մլն դրամը ես էլ եմ ստանում: Նախկինում 2 մլն էի ստանում, հիմա 1.5 մլն դրամ եմ ստանում: Վարչապետը համապարփակ պատասխան հնչեցրել է սրա առնչությամբ: Նպատակադրված գաղտնի որոշում չի եղել, ուղղակի սահմանվել են վարչապետի աշխատակազմի կողմից առավելագույն չափեր, որպեսզի պրոցեսը որոշակի կառավարվի»,- հայտնեց ՊԵԿ նախագահը:
Հիշեցնենք, որ բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին գրել էր «Հետք» էլեկտրոնային կայքը: Հրապարակումից հետո վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր գրել. «Բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսանոց պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով: Սահմանվել է նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, համաձայն որոնց՝ նախարարի ամսական աշխատավարձ+պարգևավճարը կկազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը՝ 1 միլիոն դրամ, մարզպետներինը՝ 900 հազար դրամ»:
Դիտարկմանը, որ միջին և ցածր օղակների աշխատողների մոտ դժգոհություն կա՝ ավելի քիչ գումար ստանալու հետ կապված, Դավիթ Անանյանն ասաց, որ բաժնի պետերինը և դրանից բարձր պաշտոն զբաղեցնող շուրջ 290 ՊԵԿ աշխատակիցների պարգևատրումներն ավելի բարձր են, քան ցածր օղակինը:
«Բայց ՊԵԿ-ում գործում է հստակ կանոնակարգված բանաձև. բոլոր աշխատողները 0.3-1.3 գործակցի սահմաններում գնահատվում են յուրաքանչյուր ամիս իրենց կատարած աշխատանքի համար, ոչ միայն աշխատանքի, այլ նաև դրսևորված վարքագծի համար: Դրսևորված վարքագծի կշիռը 30 տոկոս է, պաշտոնական պարտականությունների կատարման առումով գործակիցների կշիռը 70 տոկոս է: Հիմա 0.3-1.3 գործակցի սահմաններում յուրաքանչյուր աշխատող գնահատվում է, և յուրաքանչյուր ամիս բոլորի պարգևավճարները հաշվարկում եմ ես ինքս: Կարող է այդ գործակիցների արդյունքում աշխատակից լինի, որ ստանա ցածր»,- նշեց նա:
Հարցին, թե պարգևավճարները նպաստում են, որ ՊԵԿ աշխատակիցները կաշառք չվերցնեն, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ցանկացած անձ, որն ունի միջին վիճակագրական արժեքային համակարգ և մի փոքր վարձատրություն, որ կարող է համարել դա բավարար, հնարավոր է, որ կոռուպցիոն ռիսկերի չգնա: Նախ, պետք է ձևավորել արժեքային համակարգ, դրա հետ զուգահեռ նաև արժանապատիվ եկամուտներ տրամադրելու համակարգ: Արժանապատիվ եկամուտներ տրամադրելու համակարգ դեռևս չենք ձևավորել ամբողջ կառավարման համակարգում»:









