Բրազիլիայում հայրը գողացել է երեխայի բուժման համար հավաքված գումարը և անբարո կանանց հետ զվարճացել

13:39 • 24.10.19

Բրազիլիայում երկամյա Միգել Ալվեսը ողնաշարի մկանային ատրոֆիայից մահացել է այն բանից հետո, երբ նրա հայրը գողացել է երեխայի բուժման համար նվիրաբերված գումարի մի մասը՝ ծախսելով այն սեփական հաճույքների համար, գրում է lenta.ru-ն:

Երեխայի հայրը՝ Մատեուս Ալվեսը, և մայրը՝ Կարին Ռոդրիգեսը, 2018 թվականից ի վեր երեխայի բուժման համար գումար են հավաքել: Երեխայի հիվանդության մասին ախտորոշում տրվել է, երբ երեխան 7 ամսական է եղել: Երեխայի բուժման համար դեղամիջոցի ամենանգամյա չափաքանակը 90,5 հազար դոլար է արժեցել և բարերար ազդեցություն է ունեցել հիվանդության հետագա զարգացմանը խոչընդոտելու հարցում: Սոցիալական ցանցերում հիվանդության վերաբերյալ տեղեկատվությունը տարածելու արդյունքում 284 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքվել:

Հավաքված գումարը ծնողները 4 հաշվեհամարի են փոխանցել, և նրանցից յուրաքանչյուրը գումարի կեսը տնօրինելու հնարավորություն է ունեցել:

Ընթացիկ տարվա մայիսին երեխայի հայրը հայտարարել է, որ գործուղման է մեկնում: Այդ ժամանակվանից ի վեր հայրն ընտանիքին ընդամենը մի քանի անգամ է այցելել: Մայրը շուտով նկատել է, որ երեխայի բուժման նպատակով հավաքված գումարը պակասում է, և հաշվից գումարային փոխանցումներ են անում: Հուլիսին երեխայի մոր մոտ լուրջ կասկածներ են առաջացել, և նա դիմել է ոստիկանություն:

Երեխայի 37-ամյա հորը ձերբակալել են շքեղ հյուրանոցում: Երկու ամսվա ընթացքում տղամարդը հյուրանոցում ծախսել է ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար: Ալվեսը գումարը ծախսել է դիզայներների մոդելավորած հագուստների, ժամացույցների, թմրանյութերի, խմիչքի և անբարո կանանց վրա: Ձերբակալման պահին Ալվեսը ոստիկանությանն ասել է, թե շորթման զոհ է դարձել:

Հիվանդ երեխան ստիպված է եղել սպասել մինչև օգոստոս՝ դեղամիջոցի սահմանված չափաքանակը պետության կողմից նախատեսված միջոցներով ստանալու համար: Հոկտեմբերի 17-ին երեխան մահացել է: