Հունվարի 1-ին չենք կարող գազի նոր սակագին ունենալ. Գարեգին Բաղրամյան

15:36 • 24.10.19

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի Գարեգին Բաղրամյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի սակագնին վերաբերող հարցին, ասաց, որ իրենք բանակցում են գազի երկարաժամկետ գնային քաղաքականության շուրջ և 2020-ի «հունվարի 1-ին նոր սակագին չենք կարող ունենալ»։

Պատասխանելով լրագրողների հարցին, որ եթե որոշվի, որ գազի գինը պետք է բարձրացվի, ապա ինչպիսին է ընթացակարգը, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովն ունի 80 աշխատանքային օր այն ուսումնասիրելու համար, այնուհետև որոշումն ընդունելուց հետո ուժի մեջ է մտնում 30 օր հետո միայն:

«Մենք այսօր բանակցում ենք ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար, եթե ուղղակի գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրության արդյունքում, ու քանի որ արդեն նոյեմբեր ամիսն է ամեն դեպքում հունվարի 1-ին չենք կարող նոր գին ունենալ»,- ասաց նա և նշեց, որ բանակցում են 5-10 տարվա համար գին ունենալու համար: