Ինչո՞ւ է ռազմական դրության ժամանակ մասնավոր բուժհիմնարկների կառավարումը վերապահվում Առողջապահության նախարարությանը. Նարեկ Զեյնալյանի պարզաբանումը
Ազգային ժողովի նիստին «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանին հարց ուղղեց, թե ինչպես կարելի է պատերազմական գործողությունների ժամանակ ամրագրել, որ Առողջապահության նախարարն է դառնալու ամբողջ մարտական գործողությունների ընդհանուր առողջապահական ծառայությունների ղեկավարը:
«Ինձ չի հետաքրքրում մասնավոր, պետական հիվանդանոց է, բայց էս գլխից օրենքով ամրագրում ենք, որ պատերազմական ժամանակաշրջանում առողջապահության նախարա՞րն է դառնալու ընդհանուր առողջապահական ծառայությունների ղեկավարը մարտական գործողությունների ժամանակ: Այնտեղ կա վերադասավորում՝ կլինի առաջին գծի օգնություն, երկրորդ, երրորդ, որ հիվանդանոցներում և այլն: Այդ վերաբաշխումը ամրագրում ենք առողջապահության նախարարի վրա՞, թե՞ հոսպիտալն է այդ ամեն ինչը անում, այսինքն՝ նախարարը ենթարկվում է հոսպիտալին, թե հակառակն է լինելու»,- հարցրեց նա։
Նարեկ Զեյնալյանը պարզաբանեց, որ առաջարկվում է ռազմական դրության ժամանակ մասնավոր բուժհիմնակների կառավարումը վերապահել Առողջապահության նախարարությանը:
Պատգամավորը բացատրեց, որ այսօրվա դրությամբ միայն որոշ բուժհիմնարկներ են գործում նախարարության ենթակայության, նախարարի անմիջական կառավարման տակ, և բուժհիմնարկները մեծամասամբ մասնավոր են, ինչը խնդիրներ կարող է առաջացնել և հենց այդ պատճառով էլ օրենսդրական նման նախաձեռնությամբ են հանդես գալիս:
«Ընդամենը նախատեսվում է փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ճիշտ կառավարել ռազմական դրության ժամանակ բուժսպասարկումը և կազմակերպվի զորահավաքային առաջադրանքը»,- ասաց պատգամավորը:









