Հուսով եմ՝ Արսեն Բաբայանի կալանավորումը Հրայր Թովմասյանի խնդրի հետ կապ չունի, եթե սկսեն քաղաքական դրդապատճառներով մարդկանց կալանավորել, մեր երկրին լավ ապագա չի սպասվում. ԲՀԿ պատգամավոր
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման իրավաբանական բնույթի հարցադրումներին այս պահին լիարժեք չեմ կարող պատասխանել, գործի նյութերին ծանոթ չեմ, սակայն վատն այն է, որ հանրության մոտ կա կարծիք, որ այդ ձերբակալությունը, առավել ևս կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Վատն այն է, որ հանրության մոտ կա կարծիք, որ այդ ձերբակալությունը, առավել ևս կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ այդ կարծիքի ձևավորման մեջ մեղավոր են իշխանության առանձին պաշտոնյաներ, ներկայացուցիչներ, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, իրենց ելույթներում հայտարարեցին, պնդեցին, Սահմանադրական դատարանի խնդիրն ունի քաղաքական բնույթ: Հիմա եթե պարզվի, որ Արսեն Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է ՍԴ-ի, իսկ ավելի ստույգ Հրայր Թովմասյանի անձի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ, ուրեմն, փաստորեն, առկա է քաղաքական կոմպոնենտը»,- ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը տեսականորեն չբացառեց, որ կարող է նաև զուտ իրավական խնդիր լինել, ուստի զերծ մնաց վերջնական գնահատական տալուց: Այդուհանդերձ, ըստ Պետրոսյանի, պետք է համբերատար լինել և կարճ ժամկետում պարզ կլինի, թե իրականում այդ խնդիրը միայն քաղաքակա՞ն էր, թե՞ նաև քաղաքական էր, թե՞ իրավական էր:
Դիտարկմանը՝ վերջին շրջանի կալանավորումներն այս կամ այն կերպ կապված են ՍԴ նախագահի հետ, նա նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ, փաստորեն, իշխանությունն ամեն գնով ուզում է վերցնել Սահմանադրական դատարանը: «Իմ անձնական կարծիքն այն է, որ Սահմանադրական դատարանն ուղղակի մնացել է միակ անառիկ ամրոցը և դա իշխանությանը պետք է այնպիսի կոնվենցիաներ անցկացնելու համար, որոնք նախապես՝ մինչև Ազգային ժողովում հայտնվելը, Սահմանադրական դատարանի տիրույթով են անցնում և որպեսզի իրենց համար երաշխավորվի ՍԴ-ի դիրքորոշումը, դրա համար պետք է վերցնել Սահմանադրական դատարանը, որովհետև երաշխավորված չէ, որ այս կազմով ՍԴ-ն կբավարարի իշխանության բոլոր քմահաճույքները: Իրենց կազմով համալրելու դեպքում, բնականաբար, այդ քմահաճույքների ապահովումն ավելի հեշտ կստացվի»,- նկատեց նա:
Դիտարկմանը՝ իշխանությունը պնդում է, որ ցանկանում է տեսնել անկախ Սահմանադրական դատարան, Պետրոսյանն ասաց. «Ինչպե՞ս են ցանկանում տեսնել անկախ ՍԴ, եթե իշխանության ամենաբարձր ատյաններից աներկբայորեն պնդում են, որ ՍԴ խնդիրն ունի քաղաքական բնույթ: Իմ մտավախությունն արտահայտել եմ դեռ այն ժամանակ, երբ որ Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահը (Վահե Գրիգորյան /խմբ./) դատարանի դատավոր ընտրվելիս ասում էր, որ սա քաղաքական ընտրություն էր: Եթե Սահմանադրական դատարանը ձևավորվում է քաղաքական ամբիցիաներից ելնելով, ինչպե՞ս կարող է այդ Սահմանադրական դատարանը լինել անկախ, պարզ չի՞, որ նա սպասարկելու է այն քաղաքական ուժին, որն իրեն կարգել է այդ պաշտոնում»:
Պետրոսյանն ապա նշեց, որ շատ կցանկանար, որ սխալվեր, բայց դժվար թե սխալվի, որովհետև իշխանության ներկայացուցիչներն են դա հայտարարել. «Եթե դա մենք հայտարարեինք կամ որևէ այլ ընդդիմադիր գործիչ կամ քաղաքական ուժ, կարող էինք ասել, որ այդտեղ պոպուլիզմ կամ ինչ-որ ավելորդ անբարյացակամ վերաբերմունք կա, բայց դա իրենք են ասում, իրենք՝ անձամբ ՍԴ ինքնահռչակ նախագահն ասում էր, որ դա քաղաքական ընտրություն է: Դե եթե իրենք կարծում են, որ քաղաքական ընտրություն է, այսինքն՝ իրենք ՍԴ-ին վերաբերվում են ոչ թե որպես բարձրագույն դատական ատյան, այլ որպես քաղաքական մարմին, բնականաբար, այդ դատարանը չի կարող անկախ լինել»,- շեշտեց նա:
Դիտարկմանը՝ փաստորեն Պետրոսյանը չբացառեց, որ Բաբայանի կալանավորումը կարող է կապված լինել ՍԴ նախագահի հետ, նա պատասխանեց. «Ես ոչ կարող եմ հերքել, ոչ կարող եմ բացառել, ես իմ կարծիքն ասացի, որ հավանականությունը մեծ է, որ դա կապված է այդ խնդրի հետ, ուրեմն եթե կապված է այդ խնդրի հետ, այո, այստեղ գերակայում է քաղաքական կոմպոնենտը, բայց սա իմ անձնական կարծիքն է, որովհետև նման հարց մենք խմբակցությունում չենք քննարկել»:
Նա նշեց, որ միանշանակ չենք կարող ասել, որ դա քաղաքական հետապնդում է, բայց եթե պարզվի, որ Արսեն Բաբայանի նկատմամբ հետապնդումը կապված է Հրայր Թովմասյանի խնդրի հետ, ուրեմն, իհարկե, քաղաքական կոմպոնենտը գերակայում է այստեղ. «Բայց ես չեմ կարող նաև բացառել, որ կան նաև իրավական խնդիրներ: Իր փաստաբանական թիմը միանշանակ հերքում է, որ Արսեն Բաբայանը մեղավորություն ունի իշխանության զավթման այդ գործընթացի հետ, տա Աստված, որ քաղաքական բնույթ չունենա, որովհետև եթե մենք քաղաքական դրդապատճառներով սկսենք մարդկանց կալանավորել և եթե այդ երևույթը դառնա սովորություն իշխանության մոտ, մեր երկրին լավ ապագա չի սպասվում»:









