Ամերիկացի հանրապետականները ներխուժել են լսումների սենյակ և ընդհատել Թրամփի պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ լսումները (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից հանրապետական կոնգրեսականները 3 մուտքերից ներխուժել են լսումների գաղտնի սենյակ, որտեղ Ներկայացուցիչների պալատի 3 հանձնաժողովների անդամ դեմոկրատները պետք է Թրամփի պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ գործի շրջանակում լսեին Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Լորա Կուպերի վկայությունները: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Նշվում է, որ կոնգրեսականները հանրապետական Մեթ Գետցի գլխավորությամբ լսումների սենյակ են ներխուժել երեք տարբեր մուտքերից՝ այն պահին, երբ Լորա Կուպերը նստել էր, որպեսզի վկայություն տար: Ներխուժողները պահանջել են, որ իրենք էլ ներկա լինեն լսումներին:
Հանրապետականներն ու դեմոկրատները սկսել են բղավել միմյանց վրա, քաոսային իրավիճակ է ստեղծվել, ինչից հետո ոստիկանություն է հրավիրվել, իսկ Պենտագոնի ներկայացուցիչը լքել է սենյակը:
Բացի այդ, հանրապետականները սենյակ էին ներխուժել իրենց բջջային հեռախոսներով, ինչն արգելված է, քանի որ այդ սենյակը գաղտնի տեղեկատվության քննարկման և մշակման համար է, և այնտեղ մուտք գործողներն իրենց մոտ եղած ամբողջ տեխնիկան սենյակ մտնելուց առաջ պետք է թողնեն հատուկ արկղիկներում:
Հանրապետականները նշել են, որ իրենք ներխուժել են սենյակ այն պատճառով, որ դեմոկրատները Թրամփի պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ գործը գաղտնի են պահում և թույլ չեն տալիս հասարակությանը ծանոթանալ վկայություններին:
Դեմոկրատները նախագահ Թրամփի պաշտոնանկության գործընթացը սկսել էին նրա և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի վերաբերյալ սկանդալից հետո:
Ինչպես վստահեցնում են ԱՄՆ նախագահի հակառակորդները, հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը փորձել է ազդեցություն գործել Զելենսկու վրա, որպեսզի վերջինս հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Ուկրաինայում գործունեության վերաբերյալ՝ փոխարենը Կիևին առաջարկելով ֆինանսական և ռազմական օգնություն: Նշենք, որ դեմոկրատ Ջո Բայդենը պատրաստվում է մասնակցել 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին:
Տեսանյութը` այստեղ:









