«Մել» ֆիլմին տրամադրված 20 մլն դրամը ամբողջ նախագծի 14%-ն է. նվազագույն ներդրումն է, որը պետությունը տրամադրում է. Արա Խզմալյան
Այդ 20 միլիոն դրամը կինոարտադրության մեջ նվազագույն ներդրումն է, որը պետությունը տրամադրում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ անդրադառնալով Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած նախագծերից մեկի՝ հայ ծանրորդ Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» լիամետրաժ ֆիլմի ընտրությանը և ֆինանսավորմանը:
Արա Խզմալյանը նկատեց, որ ֆիլմի համար նախատեսված 20 միլիոն դրամն ամբողջ նախագծի 14%-ն է, մնացած ֆինանսավորումն ապահովում են 3-4 երկրներ: «Ես զարմանում եմ, որ մինչև ֆիլմի էկրաններ բարձրանալը, մինչև ֆիլմի՝ մասնագիտական գնահատական ստանալը, այն բացասական հասարակական կարծիք է ձևավորում»,- ասաց նա:
Ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզաննա Բագրատունյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց, որ 2019 թվականի գարնանային առաջին մրցույթի ժամանակ անկախ հանձնաժողովի՝ Կարինե Խոդիկյանի, Հայկ Կիրակոսյանի, Արմեն Ադիլխանյանի կողմից նախագիծը հավանության է արժանացել. «Շատ բարձր բալերով հավանության է արժանացել ֆիլմի սցենարը, և ամենամյա պետական աջակցության գումարից ֆիլմին տրամադրվել է 20 միլիոն դրամ»,- ասաց Բագրատունյանը:
«Ֆիլմի հիմքում քարոզ չկա, ֆիլմը վավերագրական է: Քանի դեռ մեկն իր գործունեությամբ չի ոտնահարում մյուսի իրավունքները, մենք իրավունք չունենք սահմանափակելու, հակառակը՝ պետք է որոշակի պայմաններ ստեղծենք ազատ ստեղծագործելու համար»,- նշեց Խզմալյանը:
Խզմալյանը նշեց, որ մեր միջոցները սուղ են, դժվարությամբ ենք մտնում միջազգային կինոշուկա և կինոարտարդրություններն իրենցից ենթադրում են մի քանի երկրների կողմից ֆինանսավորում, որի համար պետք է ամրացնել տարբեր երկրների հետ համագործակցությունը: Նա ընդգծեց, որ նույն այս ֆիլմում, ի տարբերություն մյուս երկրների ներդրման, Հայաստանի մասնաբաժինն ամենափոքրն է:
Նախարարի տեղակալի պնդմամբ՝ եթե ֆիլմն արդեն ստացել է անկախ հանձնաժողովի բարձր գնահատմանը, նման աղմուկ բարձրացնելը մեր երկրին փոքր քայլերով հետ տանի միջազգային կինոշուկայից, և հայաստանյան մասնագետների ջանքերը անարդույք կմնան: «Ես զրուցել եմ նաև Կարինե Խոդիկյանի հետ, ով ասաց, որ ֆիլմը մեծագույն դժբախտություն ունեցող մարդու պատմություն է, սեռական քարոզ այստեղ չկա: Մենք պետք է առաջ չընկնենք մասնագետներից»,- ամփոփեց նա:









