Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնելու․Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

13:15 • 25.10.19

Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց, թե ցանկություն չունի մեկնաբանելու Արման Բաբաբաջյանի և «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի հանդիպումը:

«Այդ հանդիպման հետ կապված հարցերով դիմեք Արման Բաբաջանյանին, ես նրա մամուլի խոսնակը չեմ, որ պատասխանեմ»,-ասաց նա։

Հարցին, թե ցանկություն չունի՞ գործընկերոջ օրինակով հանդիպելու Նաիրի Հունանյանի հետ, Էդմոն Մարոքյանը պատասխանեց, որ մինչև 2012 թվականը եղել է ՔԿՀ-ում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ:

«Բանտում այցելել եմ այսօրվա իշխանության բոլոր անդամներին, որոնք եղել են քաղբանտարկյալ, այդ թվում՝ հազարավոր դատապարտյալների: Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնելու: Դեպք է եղել, որ մամուլը գրել է, թե իբրև Նաիրի Հունանյանն այնտեղ չէ, բայց խցի մոտով անցել եմ ու համոզվել, որ այնտեղ է: Ես նրան տեսնելու ցանկություն այսօր էլ չունեմ»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

Նրա բնորոշմամբ՝ իր համար Նաիրի Հունանյանը դահիճ է, դահիճների պարագլուխ և վստահ է, որ նրա խնդրանքը՝ վաղաժամ ազատ արձակվելու, չի բավարարվելու, քանի որ քննարկման առարկա է նաև հանրության կարծիքը՝ տվյալ անձին հասարակություն հետ ընդունելու վերաբերյալ:

«Գնամ, դահիճի հետ հանդիպեմ, որ ի՞նչ անեմ»,-ասաց Մարուքյանը: