Չեխիայի նախագահը երկու տարում նիհարել է մոտ 20 կգ
Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալը հինգշաբթի հրապարակել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի բժշկական փաստաթղթերը, որում, մասնավորապես, ասվում է, որ երկու տարվա ընթացքում նա նիհարել է մոտ 20 կգ, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրը նշում է, որ Զեմանը հիվանդանոցում է գտնվել հոկտեմբերի 17-20-ը պլանային վերականգնողական հետազոտություն անցնելու համար: Նախագահի խոսնակ Յիրժի Օվչաչեկայի խոսքով՝ նախագահը ցանկացել է լավ տեսք ունենալ երկրի ազգային տոնի օրը՝ հոկտեմբերի 28-ին, երբ կնշվի անկախ Չեխոսլովակիայի կազմավորման հերթական տարեդարձը: Այդ օրը Պրահայի պալատում տեղի կունենա ավանդական ընդունելություն, որի ընթացքում նախագահը հանդես կգա ելույթով, ինչպես նաև պետական պարգևներ կհանձնի ականավոր նվաճումների համար:
«Պարոն Նախագահը հիվանդանոցում գտնվելու ընթացքում և հաջորդ օրերին գտնվել է բժիշկների հսկողության ներքո և բուժում է անցել սննդակարգի խախտման պատճառով»,- ասված հոսպիտալի հրապարակած հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև ասվում է, որ վերջին երկու տարիներին Զեմանը նիհարել է մոտ 20 կգ և այժմ կշռում է 85 կգ: Նա նաև ախորժակի բացակայություն և ցածր ճնշում ունի:









