Մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է 55-ամյա տղամարդուն, վերջինը, գիտակցության չգալով, մահացել է

11:21 • 25.10.19

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից բաժին բերման են ենթարկել մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կնոջ։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է իր ծանոթ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:

Ստուգվել է կնոջ խմածության աստիճանը:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին և ձերբակալվել:

Հոկտեմբերի 25-ին, ժամը 05.05-ին, հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է։