Արամուս գյուղում շուրջ 200 մլն դրամ բյուջեով մանկապարտեզ է կառուցվում` բացառապես ապօրինի կառուցապատումներն օրինականացնելու արդյունքում. Կոտայքի մարզպետ
ԱԺ-ում 2020 թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար դեռևս չխոշորացված համայնքներում հիանալի տարբերակ է նախկին տարիներին ապօրինի կառուցապատումներն ու հողազավթումներն օրինականացնելու միջոցով տեղական բյուջե մուտքեր ունենալը:
Նա օրինակ բերեց Կոտայքի մարզի Արամուս գյուղը, որն, ըստ նրա, բավական մեծ համայնք է, շուրջ 3000-ից ավելի բնակիչներով: «Այս տարի կառավարությունը շուրջ 200 մլն դրամանոց բյուջեով մանկապարտեզ է կառուցում՝ բացառապես ապօրինի կառուցապատումների կադաստրային արժեքներով օրինականացման գործընթացներ հարուցելու արդյունքում»,-ասաց նա:
Ըստ նրա՝ սուբվենցիոն ծրագրի 55/45 համամասնությամբ գյուղի 150 սաների համար մանկապարտեզ է կառուցվում: «Կարճաժամկետ պլանում սա լուծում է, որից օգտվել ենք»,-ասաց նա:









