Հաջորդ տարի կունենանք որոշակի աշխատանքների մեկնարկ. փոխքաղաքապետը՝ Աջափնյակ համայնքում մետրոյի կայարանի կառուցման մասին (տեսանյութ)

17:31 • 29.10.19

Ամիսներ առաջ դեռ համաձայնություն չունեինք բանակցող կողմերի հետ, որպեսզի մետրոյի նոր կայարանի ծրագիրը և նախագիծն իրականացվեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով Աջափնյակ համայնքում մետրոյի կայարանի կառուցմանը:

«Վերջերս Երևան էին այցելել ներդրողի կողմից ներգրավված շինարարները, որոնք ուսումնասիրություններ իրականացրին թե՛ ձորի, թե՛ թունելի հատվածում։ Իրենց հետ մենք ունեցանք վերջնական պայմանավորվածություն, որ կիրականացվի նախագիծը, կքննարկվի բիզնես նախագիծը, որը կներկայացնեն մեր տված պարամետրերի հիման վրա և կիրականացվի մետրոպոլիտենի շինարարությունը: Հույս ունենք՝ հաջորդ տարի կունենանք որոշակի աշխատանքների մեկնարկ»,-նշեց Սարգսյանը։

Հայկ Սարգսյանն ասաց, որ կայարանը կլինի կամուրջի վրա՝ ժամանակակից կոնստրուկցիաներով զինված։ «Դրվել է խնդիր, որ շարունակելի լինի կառուցման տրամաբանությունը, ենթադրի շարունակելիություն թունելային հատվածով մինչև հաջորդ կայարան»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով հարցին, թե հրաժարական ներկայացրած Կենտրոնի արդեն նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի հետ  քաղաքապետարանում խնդիրներ եղե՞լ են և նա քաղաքապետի կողմից նկատողություն ստացե՞լ է, փոխքաղաքապետն ասաց, որ որևէ մեկին նկատողություն չի տրվել, լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Մանրամասները՝տեսանյութում