Քաղաքապետը տեղյակ չէ՞ր, որ բյուջեի քննարկումների ժամկետն օրենքով է սահմանված. ԼՀԿ պատգամավորը՝ Հայկ Մարությանի բացակայության մասին
Ազգային ժողովում 2020 թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանից «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը հետաքրքրվեց, թե ինչու է փոխքաղաքապետը մասնակցում բյուջեի քննարկմանը և ոչ թե քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Արդյոք քաղաքապետը տեղյակ չէ՞ր, որ բյուջեի քննարկումների ժամկետն օրենքով սահմանված է և հենց այդ պահին է մեկնում արտերկիր արձակուրդի և խնդրում եմ մեկնաբանեք այս անպատասխանատու վերաբերմունքը ԱԺ-ի նկատմամբ»,- ասաց նա:
Պատգամավորը հիշեցման կարգով նշեց, որ նախկինում դեռևս Տարոն Մարգարյանի ժամանակ պարոն Փաշինյանի կողմից նման վարքագիծը շատ բուռն քննադատության էր արժանանում: «Հիմա տեսնում ենք այն, ինչ նախկինում ենք ունեցել»,- ասաց նա:
Փոխքաղաքապետը նշեց, որ երևույթն ամենևին աղերս չունի ԱԺ-ի նկատմամբ վերաբերմունքի և առավել ևս անպատասխանատվության հետ: «Քաղաքապետը տեղեկացված չէր, կոնկրետ օրերի մասին տեղեկատվությունն ուշ ենք ստացել, ուստի՝ արձակուրդը պլանավորված էր շատ ավելի վաղ»,-ասաց նա:
Պատգամավորն արձագանքեց. «Թույլ տվեք չհամաձայնել, ժամկետը հստակ է, օրենքով սահմանված է»:









