Ենթադրում եմ` Ողջի գետի աղտոտվածության հարցով քրեական պատասխանատվություն կլինի. Շրջակա միջավայրի նախարար

17:21 • 29.10.19

Ենթադրում եմ`Ողջի գետի աղտոտվածության հարցով քրեական պատասխանատվություն կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով հոսքաջրերի` Ողջի գետը լցվելուն:

Ըստ Գրիգորյանի` Հայաստանում բնապահպանական իրավախախտումների մասով ամբողջ վարչարարությունն իրականացնում է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը, և վերջինս այս պահին իրականացրել է Ողջի գետի աղտոտման նմուշառումը, հետազոտությունները և բոլոր անալիզները վերցրել է:

«Ըստ այդ հետազոտությունների արդյունքների` որոշակի մետաղների`ալյումինի, երկաթի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները, մի քանի հետազոտություն էլ կա օրգանական մասով, որը մեկ օրում հնարավոր չէ իրականացնել, 3-4 օր է տևում»,-ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանի խոսքով`վնասի չափը հաշվելու գործընթացը կատարվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով, բանաձևերով: «Ըստ այդ բանաձևերի`թվերը լրացնում են, գործակիցներ են կիրառում, ստանում են ինչ-որ թիվ, և եթե դա էական վնասը գերազանցում է, այսինքն`որոշակի չափաքանակ, ապա քրեական պատասխանատվություն է նախատեսված աղտոտողների համար, եթե ոչ, ապա`վարչական պատասխանատվություն»,-մեկնաբանեց Գրիգորյանը`նշելով, որ այս պահին իր ունեցած տվյալներով քրեական պատասխանատվության հարց կլինի:

«Եթե վնասը գերազանցում է սահմանված չափը, դա փոխանցվում է Դատախազություն, և Դատախազությունն արդեն քրգործի շրջանակներում իր գործունեությունն է իրականացնում: Գետում ծանր մետաղներ են, որոնք օրգանիզմների, էկոհամակարգերի համար որոշակի վնասակարություն են ենթադրում՝ կախված իրենց խտությունից»,-ասաց Գրիգորյանը: 

Հարցին` որքա՞ն պետք է կազմի վնասը, որ գործը փոխանցվի Դատախազություն, նախարարը պատասխանեց, որ օրենսդրության մեջ այդ հարցով անհստակություն կա: «Էական վնասն այս պարագայում քրեական օրենսգրքով նշված է 500-ապատիկի չափով, այսինքն՝ 500 հազար դրամ»,-ասաց նա:

Էրիկ Գրիգորյանի խոսքով` պատկան մարմինները կարող են գետն աղտոտողներին պարտավորեցնել բնությունը բերել նախկին տեսքին` վերականգնելով բնությանը պատճառված վնասը: 

Հարցին`պետական ո՞ր մարմինն է պատասխանատվության ենթարկվելու պատշաճ վերահսկողություն չիրականացնելու համար, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նման վթարների համար պատասխանատուները կոնկրետ տնտեսվարողներն են, սակայն կան պետական որոշակի լծակներ։

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։

https://www.tert.am/am/news/2019/10/17/mes/3119541