Չկոռումպացված դատավորները միգուցե ինչ-որ անհարմարություններ զգան, բայց թող մտավախություն չունենան, թե իրենց նկատմամբ ինչ-որ գործողություն կսկսվի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Արման Բաբաջանյանի գործողություններն «Իմ քայլը» խմբակցության քայլերի շարունակությունը չեն. անկախ պատգամավորի ակտիվությունը ողջունելի է, բայց իշխանության կողմից չկա որևէ ուղղորդում, Բաբաջանյանն այն մարդկանցից չէ, ում կարելի է ուղղորդել:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Իմ քայլը»խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը. «Իշխանությունը Նաիրի Հունանյանից կամ մյուսներից ցուցմունք կորզելու խնդիր չունի: Իրավապահ մարմինները պետք է «Հոկտեմբերի 27-ի» բացահայտման ուղղությամբ քայլեր անեն, թեև որոշ մտավախություններ ունեմ դատաիրավական համակարգի հարցով»:
Ըստ իմքայլական պատգամավորի՝մեկուկես տարին բավարար չէ իրավապահ համակարգը կարգի բերելու համար, դրա վառ ապացույցն Արթուր Վանեցյանի ազատումն էր. «Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ մարմիններն անկախ լինեն բոլորից և վայելեն հանրության վստահությունը: Իշխանության կողմից իրավապահ և դատական համակարգի վրա որևէ ճնշում բացառվում է»:
Արթուր Հովհաննիսյանի պնդմամբ՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրավապահների գործողություններն սկսվել են Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա և ոչ թե «Իմ քայլի» նախաձեռնած գործողության արդյունքում. «Եթե մենք առաջնորդվեինք մեր քաղաքական հայտարարություններով, միգուցե հեղափոխության ամենաթեժ օրերին լուծեինք ՍԴ ճգնաժամի հարցը: Մենք կարող էինք այս գործին լծվել շատ ավելի վաղ, բայց սպասեցինք»:
Պատգամավորը վերահաստատել է, որ այս տարվա մայիսին դատարանների մուտքերի շրջափակումն իշխանության ընկալմամբ արդարացված էր, և հավելել, որ եթե պարզվի՝ ԱԺ պատգամավորները վստահություն չեն վայելում, մարդիկ նույնկերպ կարող են արգելափակել նաև ԱԺ մուտքը. «Բնական է, որ վարչապետը պետք է հանդես գա քաղաքական կոչերով այն մարդկանց ու գերատեսչությունների վերաբերյալ, որոնք քսան և ավելի տարի թալանել ու քանդել են պետությունը, այդ թվում՝ շատ դատավորներ: Չկոռումպացված դատավորները միգուցե ինչ-որ անհարմարություններ զգան, բայց թող մտավախություն չունենան, թե իրենց նկատմամբ ինչ-որ գործողություն կսկսվի»:
Հովհաննիսյանի կարծիքով՝ապրիլյան պատերազմի օրերին մեր մարտունակությունը ցածր է եղել, ամեն դեպքում՝ այդ մասին նա բազմաթիվ պնդումներ է լսել, սակայն չգիտե՝ այն դավադի՞ր պատերազմ է եղել, թե ոչ:
Ինչ վերաբերում է Զոհրաբ Մնացականյանի՝«Բի-բի-սիին» տված հարցազրույցին, Հովհաննիսյանի կարծիքով՝ միգուցե կային թեզեր, որոնց պետք էր ավելի ուղիղ ու կոշտ արձագանքել:
Դավիթ Սարգսյան









