30 տարվա մեջ առաջին անգամ հավանականությունը շատ մեծ է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կընդունվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. Վիգեն Հովսեփյան

17:37 • 29.10.19

30 տարվա մեջ առաջին անգամ հավանականությունը շատ մեծ է, որ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հետևաբար՝ սպասելիքներն այս պահի դրությամբ շատ մեծ են: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296-րդ բանաձևի փակ քվեարկությանը, ասաց քաղաքագիտության դոկտոր ամերիկահայ ազգային-հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել պալատի քննարկմանն ու քվեարկությանը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296-րդ բանաձևը Ներկայացուցիչների պալատում փակ քվեարկության կդրվի երեքշաբթի կեսօրին:

«Այս քվեարկությունը առաջին, բայց նաև շատ կարևոր հանգրվանն է: Դրական տրամադրությունները նկատելի են Սենատի ներկայացուցիչների մոտ, ինչը հավանական է դարձնում նմանօրինակ բանաձևի ընդունումը: Իսկ այս երկու պալատներում բանաձևի ընդունումն արդեն հզոր լծակ, ձեռքբերում կամ հզոր քաղաքական զենք է հայության համար»:

Նրա խոսքով` քվեարկության արդյունքները շատ կարևոր են հենց այն համատեքստում, որ սրանից առաջ եղած նմանօրինակ բանաձևերը տարբեր առիթներով ու տարբեր շրջանակների միջամտության հետևանքով չեն հասել քվեարկության փուլի:

«Մենք հույս ունենք, որ այս անգամ բանաձևը պետք է ընդունվի: Եվ եթե ընդունվի, այն կդիտարկվի թե՛ որպես հաղթանակ, թե՛ որպես հայկական քաղաքական հեղինակության բարձրացում, թե՛ նաև կհարթի ուղի` հաջորդ քայլերի համար: Հայ դատի հանձնախումբն անգնահատելի աշխատանք է կատարել այս արդյունքին հասնելու համար: Մեր հազարավոր հայրենակիցները ևս իրենց անգնահատելի ներգործություններն են ունեցել: Հետևաբար՝ մենք գործը հաջողելու մեծ պոտենցիալ ունենք»:

Նշենք, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելն էլ ասել է. «Հայոց կոտորածը ցեղասպանություն էր, և հիմա բոլորս ենք անհանգստացած քրդերի ճակատագրով, այն տեղի է ունենում հենց հիմա, և կրկին Թուրքիան է կանգնած այդ ամենի ետևում, և եթե նախկինում ճիշտ ժամանակը չէր սա անելու համար, հիմա, անկասկած, ճիշտ ժամանակն է»։ Հարցին, թե այս բանաձևի շրջանառումն, արդյոք, կարելի՞ է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային դեմարշ համարել, Վիգեն Հովսեփյանը պատասխանեց.

«Չգիտեմ` սա կարելի՞ է ընդհանրապես ԱՄՆ-ի պաշտոնական քայլ համարել: Համենայնդեպս վաղ է այդպիսի ամբողջական գնահատական տալ: Նախագահի և վարչակազմի կողմից նման բան չի նկատվում, այլ ընդհակառակը`տեսնում ենք քայլեր, որոնք միտված են ձախողելու բանաձևը: Բայց այն, որ վերջին շաբաթների ընթացքում թուրքական ռազմավարական սխալները գոնե Կոնգրեսում ստեղծել են Թուրքիայի համար անբարենպաստ իրավիճակ, արդեն պարզ է: Ակնհայտ է, որ հայ քաղաքական շրջանակները ճկուն և արդյունավետ քայլեր կատարեցին, որի արդյունքում էլ ունեցանք այն, ինչ ունեցանք»: