Եթե ԱՄՆ Սենատն էլ ընդունի բանաձևը, կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ներկայացված են Հայոց Ցեղասպանության ճանաչման երկու տարբեր բանաձևեր, որոնցից մեկը Ներկայացուցիչների պալատում արդեն հաստատվել է: Եթե Սենատն էլ ընդունի բանաձևը, կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգների օրենսդիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ են քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:
Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած փաստաթուղթը բավականին ուժեղ տեքստով հայտարարություն է: «Հետագա ընթացակարգեր չկան: Սա օրենքի նախագիծ չէ, որպեսզի Սենատը հաստատի և Սենատից հետո գնա նախագահի վավերացման: Սա հայտարարության տեքստ է, սա հայտարարություն է, որը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը: Նման բանաձև կա նաև Սենատում: Դա այլ բանաձև է՝ նախաձեռնված երկու այլ սենատորների կողմից: Այդ բանաձևն էլ մոտ ժամանակում կդրվի քվեարկության արդեն ԱՄՆ Սենատում:
Մենք հիմա գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ներկայացված են երկու տարբեր բանաձևեր, որոնցից մեկը Ներկայացուցիչների պալատում արդեն հաստատվել է, մյուսը Սենատի քվեարկությանը դեռևս չի հասել: Երբ Սենատն էլ արդեն ընդունի բանաձևը, մենք կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգների օրենսդիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քվեարկությունը բացառիկ է նրանով, որ վերջին 30 տարիներին նման բանաձևեր պալատի կողմից չեն ընդունվել, նույնիսկ քվեարկություն չի կայացել, քանի որ ակտիվ ճնշում է եղել նախագահների վարչակազմերի կողմից: ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի կողմից, նրա համոզմամբ, որևէ ճնշում չկար: «Սա մեր համայնքի, լոբբիստական կառույցների ակտիվ աշխատանքի արդյունքն էր: Մեր լոբբիստները շատ ակտիվ ճնշում էին գործադրում օրենսդիրի վրա, որպեսզի Ցեղասպանությունը ճանաչվի: Բայց նաև ժամանակն էր ճիշտ ընտրված: Հարմար ժամանակ էր այն առումով, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բավականին ցածր, երևի` պատմական ցածր մակարդակի վրա: Հակաթուրքական տրամադրությունները, որոնք Միացյալ Նահանգներում կան, իհարկե, չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ այս քվեարկության վրա»,- ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը:
Հարցին, թե Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս և ռազմական գործողությունների իրականացումը կապ ունեի՞ն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Դրա հատ կապվում էր մեկ այլ բանաձև, որը Ներկայացուցիչների պալատում երեկ ընդունվեց: Խոսքը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձևի մասին էր: Մեծ հաշվով, Թուրքիային պատժելու բանաձևը սա էր: Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման բանաձևին, ապա այստեղ կարծում եմ՝ կոնգրեսականներն առաջնորդվել են իրենց համոզմունքներով և հաշվի են առել նաև իրենց ընտրողների կարծիքներն ու ճնշումը, որը վերջին մի քանի օրերին բավականին մեծ էր Ներկայացուցիչների պալատի բոլոր կոնգրեսականների նկատմամբ»:









