Բացահայտվել է ԱԺ պատգամավորի «Մինի կուպերից» կատարված գողությունը. 2 տղամարդ բերման է ենթարկվել (տեսանյութ)

13:05 • 30.10.19

Հոկտեմբերի 21-ի ժամը 14-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 11․30-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին «Սիրահարների այգու» հարևանությամբ կայանված ԱԺ պատգամավորներից մեկի «Մինի կուպերի» ապակին և սրահից գողացել դրամապանակը։

Համացանցում հնչեղություն ստացած այս դեպքը բացահայտելու ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 29-ին, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին երկու տղամարդու։

Բերման ենթարկվածներից 30-ամյա տղամարդը խոստովանեց կատարածը։ Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի գլանակի մեջ լցված դեղնականաչավուն թմրանյութի նմանվող զանգված, ինչպես և այն առարկաները, որոնցով կոտրել է մեքենաների ապակիները։

Պարզվեց, որ բացի նշված գողությունից, բերման ենթարկվածը «Սիրահարների այգու» հարևանությամբ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, նույն եղանակով, կատարել էր մի շարք այլ գողություններ ևս՝ հափշտակելով պայուսակներ, դրամապանակներ, փող ու փաստաթղթեր։ Այդ դեպքերի առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։ Իսկ հոկտեմբերի 21-ին կատարած գողության առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։