Մշակույթի ոլորտում այժմ կատարվողը քաոտիկ է, բալանսից դուրս. ռեժիսոր Հրանտ Մովսիսիյանը` «Մել» ֆիլմի և մշակույթի ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին
Համաձայն չեմ, երբ նախարարն ասում է` մշակույթն առանց ցենզուրայի պետք է լինի, կարծում եմ` ինչ-որ չափով ցենզուրան պետք է պահպանվի: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը` անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե իր պաշտոնավարման սկզբունքներից մեկը մշակույթի ոլորտում ցենզուրա չսահմանելն է:
«Ես կարծում եմ` լավ է ազատություն տալը, բայց ո՞վ է որոշում` ինչ նկարվի, ինչ բեմադրվի, ինչ գիրք հրատարակվի: Մշակույթը մարդու գիտակցությունը բարձրացնելու համար է: Մշակույթը մեր հայելին է, պետք է հասկանալ` դրանում մե՞զ ենք ուզում տեսնել, թե՞ ցանկանում ենք նայել ուրիշների հայելիների մեջ` հասկանալու համար` ինչպես են իրենք ապրում: Այն ժամանակ ցանկացած ֆիլմ կամ արվեստի զտվում-ուսումնասիրվում էր, որ հասկանալի լիներ`ինչ է տալու ժողովրդին: Մենք այսօր դա չունենք: Այն, ինչ հիմա է կատարվում, մի քիչ քաոտիկ է, բալանսից դուրս է»,-մեկնաբանեց ռեժիսորը:
Վերջինս ընդգծեց` նախարար Հարությունյանի հանդեպ չեզոք է տրամադրված: «Ինձ համար կարևորն այն է, որ արվեստը ճիշտ ուղով գնա, և հասկանանք` ինչ կերպ ենք սերունդ դաստիարակում, ինչ ենք թողնում մեզնից հետո: Բայց այժմ չկա այն, ինչ ես կուզենայի տեսնել»,-ասաց Մովսիսյանը:
Ռեժիսորի կարծիքով`պետությունը ցանկացած ոլորտում, այդ թվում` մշակույթում, իր ռազմավարությունը պետք է ունենա. «Ես այժմ չգիտեմ`ունի՞: Ես սպասում եմ, որ մի օր կասեն`մենք այսպես ենք մտածում, այսպես ենք անելու»:
Ըստ Հրանտ Մովսիսյանի` Հայաստանում այժմ նաև դավադիր ուժեր կան, և դրանցից մեկը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ն է:
«Եկել են այստեղ ու ուզում են քանդել մեր երկիրը, որովհետև մենք մոնո ազգ ենք: Դա ոչ մեկին դուր չի գալիս, քանի որ մեր ուժը դրանում է, մեր հավատքում է: Փորձում են առնել մեր երկիրը: Դրա դեմն առնելը շատ դժվար է լինելու, բայց պետք է պահել մեր երկիրը, մեր հողը»,-ասաց ռեժիսորը:
Վերջինս անդրադարձավ նաև «Մել» ֆիլմին, որի նկարահանման համար ՀՀ բյուջեից 20 միլիոն դրամաշնորհ է հատկացվել: Ռեժիսորն ընդգծեց` նախ պետք է հասկանալ` ֆիլմը մարզիկի՞ մասին է լինելու, թե ՞ անձնավորության, որը սեռափոխ է եղել, ապա նաև որոշել նկարահանվող ֆիլմի դերակատարությունը ժողովրդի համար:
«Պարզապես պետք էր հասկանալ` հանրությունը պատրա՞ստ էր նման ֆիլմի: Եթե այդ ֆիլմը նկարահանվում է` ցույց տալու համար, թե քաղաքակիրթ աշխարհ ենք մտնում և եվրոպական մտածելակերպի մարդիկ ենք, ապա դրան դեռ պատրաստ չենք: Կարծում եմ` այս ֆիլմի ժամանակը չէր, կարելի էր, օրինակ, մի 20 տարի անց անել, բայց ոչ հիմա»,-ասաց ռեժիսորը:










