«Ընկերները» սերիալի աստղերը «կվերամիավորվեն» HBO Max սթրիմինգային ծառայության եթերում. Hollywood Reporter
Բոլոր ժամանակների սիրված «Ընկերները» հեռուստասերիալի սցենարիստները և դերասաններն ակտիվորեն քննարկում են HBO Max նոր սթրիմինգային ծառայության եթերում որևէ նախագծի շրջանակում վերամիավորումը, գրում է Hollywood Reporter-ը:
Hollywood Reporter-ի աղբյուների տվյալներով՝ նախագծի համար դեռևս սցենար չի գրվել, սակայն այն կմիավորի «Ընկերները» սերիալի նախկին աստղերին՝ Ջենիֆեր Էնիսթոնին, Քորթնի Քոքսին, Լիզա Քուդրոուին, Մեթ Լեբլանին, Դևիդ Շվիմերին, Մեթյու Փերիին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագծի շուրջ վերամիավորման քննարկումները գրեթե ավարտին են մոտեցել և պայմանավորվածություն է ձեռք բերվել դերասանների, սթրիմինգային ծառայության և սցենարիստների միջև:
Ավելի վաղ Ջենիֆեր Էնիսթոնը «Էլեն շոուի»-ի ընթացքում խոստովանել էր, որ «Ընկերները» սերիալի իր ընկերների հետ «աշխատում են համատեղ նախագծի վրա»: Թեև դերասանուհին չէր մանրամասնել նախագծի էությունը:
«Շատ ենք ցանկանում համատեղ որևէ բանով հանդես գալ, միայն թե դեռ չգիտենք՝ ինչ է լինելու, բայց փորձում ենք, աշխատում ենք դրա շուրջ»,- հայտնել էր դերասանուհին:
«Ընկերները» հեռուստասերլիալն այս տարի տոնել է իր 25-ամյակը:
Մանհեթենից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում: Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Warner Bros. ընկերության՝ Բըրբենք քաղաքում տեղակայված ստուդիաներում։
Հեռուստասերիալը պատմում է ինքնուսույց երաժիշտ Ֆիբիի, հաջողակ, բայց զգացմունքային Ռոսի, ինքնաբավ, հմայիչ շեֆ-խոհարար Մոնիկայի, կանանց խենթահան անող Ջոուիի, նորաձևության էնտուզիաստ Ռեյչելի և հեգնական ու հավերժ միայնակ Չենդլերի մասին:













