«Ջոկեր»-ի օպերատորը EnergaCamerimage փառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել
Օպերատոր Լոուրենս Շերը և ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը Լեհաստանում կայացած կինոօպերատորական արվեստի՝ «EnergaCamerimage» փառատոնին մրցանակի են արժանացել, գրում է Variety-ն։
Փառատոնի ժյուրին Շերին գլխավոր մրցանակը («Ոսկե գորտ») շնորհել է «Ջոկեր» ֆիլմի օպերատորական աշխատանքի համար, որտեղ հոռետեսական սցենարը կինոդիտողներին կարողանում է հավասարակշռությունից հանել։
Փառատոնի «Արծաթե գորտ»-ը շնորհվել է օպերատոր Սեզար Շարլոնիին «Երկու պապերը» ֆիլմի համար, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Էնթոնի Հոպկինսը և Ջոնաթան Փրայսը։
«Բրոնզե գորտ»-ը շնորհվել է Վլադիմիր Սմուտնիին՝ Վացլավ Մարխոուլի «Ներկված թռչուն» ֆիլմի համար։
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակը նույնպես հանձնվել է «Ջոկեր»-ին։
«EnergaCamerimage»-ը կինոօպերատորական արվեստի՝ աշխարհում խոշորագույն փառատոնն է։ Այս տարի փառատոնը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից 16-ը՝ 27-րդ անգամ։










