Արայիկ Հարությունյանի հեռանալով ոչինչի չի փոխվի. նա նախաձեռնող չէ, նա կատարող է. Վիգեն Ստեփանյանը՝ հայերենի և պատմության դասավանդման նախագծի մասին

21:50 • 18.11.19

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք հյուրընկալել են դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանին, ում հետ խոսեցին մշակույթի ոլորտում առկա խնդիրներից և անելիքներից:

Ըստ Վիգեն Ստեփանյանի, եթե  Արայիկ Հարությունյանը հեռանա պաշտոնից, ոչինչ չի փոխվելու: «Ես ունեմ վառ օրինակ. գնաց Լիլիթ Մակունցը, եկավ Նազենի Ղարիբյանը, և վիճակը էլ ավելի վատթարացավ։ Հիմա եկել է Արա Խզմալյանը։ Սպասում ենք, թե ինչ կլինի, բայց արդեն պարզ է, որ նա նախաձեռնող չէ, նա կատարող է: Գալիս են կատարողներ, նախաձեռնում են ուրիշ մարդիկ, ուրիշ առանձնասենյակում նստած»,- ասաց նա:

Նա հարց բարձրացրեց, որ միթե հնարավոր չէր հայտարարել մրցույթ՝ լավագույն ֆիլմ կամ լավագույն ներկայացում անվանակարգ` նվիրված Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին, որոնց 150-ամյակն է այս տարի: Ըստ դերասանի` թատրոնում այսօր ռեֆորմներ են պետք: 

«Թատրոնում կան դերասաններ, որոնք ամեն օր են բեմ դուրս գալիս, բայց կա դերասան, որ ամիսը մեկ կամ երկու անգամ դուրս է գալիս, բայց ստանում է ավելի շատ: Դա անարդար է: Թատրոնը պետք է դառնա այն վայրը, որտեղից դերասանը չցանկանա բացակայել»,- ասաց նա և նշեց, որ եթե թատրոնը պետական է, ապա ռեֆորմներն էլ պետք է լինեն պետական:


Ինչ վերաբերում է «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դառնալուն, ապա Վիգեն Ստեփանյանը նշեց, որ ինչ-որ տեղ կհամաձայնի հայերենի ուսուցումը ոչ պարտադիր լինելուն բուհերում, եթե լինի փայլուն ուսուցում դպրոցում: