Հայոց պատմությունը մեր ժողովրդի քաղաքական փորձի խտացումն է. Հրանտ Տեր-Աբրահամյան (տեսանյութ)
Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը այս անգամ զրուցել են հայոց պատմության և հայոց լեզվի դասավանդման շուրջ ստեղծված աղմուկի մասին:
Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ և հատկապես վերջին շրջանում սրվել են հանրային քննարկումները հայագիտական առարկաների վերաբերյալ, մասնավորապես՝ հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության շուրջ:
«Այս առումով կարելի է մեկ հետևություն անել․ բոլոր այն պատմական իրավիճակներում, երբ ժողովուրդներն սկսում են քննարկման առարկա դարձնել անցյալը՝ առանց անցյալի գնահատման և արժևորման, դա ինքնին երկու բանի մասին է հուշում, որ այդ հասարակությունը գտնվում է պատմական կարևոր ճամփաբաժանի առջև կամ շրջադարձային փուլում, և երկրորդ, որ անցյալի իմացությունը, պատմությունը և լեզուն ոչ այնքան անցյալի իմաստավորման կամ անցյալին վերաբերող հարցեր են, որքան ներկային և ապագային վերաբերող»,-ասել է նա:
Սամվել Ֆարմանյանը նշել է, որ անցյալը վերաարժևորել, հերոսներ կամ հակահերոսներ փնտրել, քննարկել՝ հայոց պատմություն առարկան արդյոք պե՞տք է դասավանդվի կամ ինչպե՞ս պետք է դասավանդվի, նշանակում է, որ մենք գտնվում ենք պատմական կարևոր շրջադարձային փուլում։ Պատմությունը և ինքնության խնդիրները չեն վերաբերում անցյալին, այլ ավելի շատ վերաբերում են մեր օրերին և ապագային, և մեզ համար ունեն կիրառական նշանակություն:
Հրանտ Տեր-Աբրահամյանի կարծիքով՝ այս պահին նման թեմաների շուրջ հանրային քննարկում չկա, ավելի շատ այն առկա է տեխնիկական և կենցաղային հարթակում: «Եթե բովանդակային խնդիրը նրանում է, թե օրինակ՝ հայոց պատմությունը բուն գիտական արժեքից բացի ունի՞ արդյոք նաև քաղաքական նշանակություն, ապա պետք է փաստել, որ այո՛, ունի և այն անցյալին վերաբերող գիտություն չէ, այդպիսի գիտություն լինել չի կարող: Պատմությունը քաղաքականությանը ամենամոտ կանգնած գիտելիքն է և պատմության առանցքը, կորիզը քաղաքական իրադարձություններն են: Հայոց պատմությունը մեր ժողովրդի քաղաքական փորձի խտացումն է»,- ասել է նա:
Հրանտ Տեր-Աբրահամյանը որպես օրինակ նշել է, որ Խորենացու «Հայոց Պատմությունը» ոչ այդքան պատմություն է, որքան պետական գաղափարախոսություն, որքան էլ գրքում շատ պատմական փաստեր ճշգրիտ չեն, այնուամենայնիվ, Խորենացին գրքում հստակ գաղափարախոսություն է տալիս, որ դու ազգ ես, որն ի սկզբանե ունեցել է պետություն, թագավորություն, պատմություն և այլն:
Մանրամասները՝ տեսանյութում։









