Ամոթ եմ զգում, որ այսպիսի նախարար ունենք, որը նման ոճով, ձևով կարող է խոսել դասախոսների հետ. ակտիվիստը՝ Արայիկ Հարությունյանի և դասախոսների հանդիպման մասին (տեսանյութ)
ԿԳՄՍ նախարարի և դասախոսների հանդիպման տպավորությունը վատն էր․ անկեղծ, ամոթ եմ զգում, որ նման նախարար ունենք, որը նման ոճով, նման ձևով կարող է խոսել դասախոսների հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը։
«Արայիկ Հարությունյանը մեղադրանքներով էր խոսում դասախոսների հետ, մեղադրում էր, որ ժամանակին ինչ-որ բաների դեմ չեն պայքարել։ Այդ մարդիկ մեծ ներդրում ունեն, տարիներով սերունդներ են դաստիարակել և այդ տոնայնությամբ նրանց հետ խոսելն ուղղակի անընդունելի է։ Մենք սպասում էինք, որ առողջ, բովանդակային քննարկում կլինի, օրինագիծը կքննարկվի, սակայն տեսանք լրիվ այլ բան»,- նշեց ակտիվիստը:
Նախարար Արայիկ Հարությունյան նախօրեին կրկին խոսել էր նախարարությունում ՀՅԴ կառավարման տարիներին եղած կոռուպցիայի մասին՝ նշելով, որ «կուսակցությունն անպայման կստանա արկղերով քրեական գործերը»:
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այս հայտարարությանը, ՀՅԴ ՀԵՄ անդամն ասաց. «Զզվելի է այդ խոսակցությունն արդեն, որքան կարելի է խոսել դրա մասին։ Մենք կաշկանդված չենք, թող դիմեն համապատասխան մարմիններին և պատժեն այն մարդկանց, ովքեր կոռուպցիայով են զբաղվել»:
Հիշեցնենք, որ նախօրեին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու՝ նախարարության նախաձեռնության հարցը։
Երիտասարդները և ուսանողները շարունակվում են նստացույցը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց: Այսօր երեկոյան նրանց է միանալու ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը. քննարկվելու են ոլորտի խնդիրները:
Հիշեցնենք նաև, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ և «Մել» ֆիլմի ֆինանսավորումը, որի համար էլ հատկացվել է 20 մլն դրամ: Դժգոհության առիթ է նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Մանրամասները՝ տեսանյութում:









