Հանցավորության դեմ պայքարը պետք է լինի միշտ, հետևողական, բայց արդարացի և հիմնավորված. Գևորգ Պետրոսյանը՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող նախագծի մասին
Ազգային ժողովը քննարկում է նախագիծ, որով քրեական միջավայր ստեղծելու, ղեկավարելու, դրանում կամավոր ներգրավվելու և քրեական ենթամշակույթին հարելու ու այն տարածելու համար նախատեսվում է սահմանել համապատասխան պատժատեսակներ ու պատժաչափեր:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենց կուսակցությունը կողմ է, որ անձը պատասխանատվություն ենթարկվի բացարձակապես արված արարքի համար: «Ի՞նչ է նշանակում բարձրագույն աստիճանակարգություն, կամ ո՞վ է տալու այդ կարգը, ո՞վ է այս հանցակազմի սուբյեկտը, պարո´ն նախարար»,-պատգամավորը իր հարցադրումներն ուղղեց հարցի զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
«Այստեղ հայտարարություններ հնչեցին՝ ով այս նախագծին դեմ է, ինքը հովանավորում է, բացարձակապես, մենք միշտ ասել ենք և ասում ենք, որ հանցագործը պետք է պատժվի, բայց պետք է պատժվի իր արարքի համար»,- ասաց Գևորգ Պետրոսյանը և կոչ արեց իրավական որոշակիության խնդիրները լուծել:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ հանցավորության դեմ պայքարը պետք է լինի միշտ, հետևողական, բայց արդարացի և հիմնավորված: «Բացի այդ, այդ ինչ է քրեական ենթամշակույթը, եթե ինչ-որ մի բան ունի ենթա, ուրեմն պետք է ունենա հիմնական, օրինակ՝ համակարգը ունի ենթահամակարգ, կառուցվածքը ունի ենթակառուցվածք, վարձակալը ունի ենթավարձակալ, հիմա այդ ինչ մշակույթ է, որի եթա-ն էլ քրեական է, եթե կա մի մշակույթ նշեիք, դա գողական աշխարհի մշակույթն է, իսկ եթե դա ընդհանուր մշակույթի մի մասն է, ուրեմն նշանակում է առանց հանցավոր արարքի դատել մեր երկրում չգրանցված մշակութային գործիչների»,-ասաց նա:









