Լիբանանում ցուցարարները փակել են խորհրդարանի մուտքերը (տեսանյութ)

15:12 • 19.11.19

Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ փակել են խորհրդարան տանող ճանապարհները: Ամենուրեք բարիկադներ են տեղադրված: Խորհրդարանում այսօր պետք է նիստ կայանա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ցուցարարները թույլ չեն տալիս պատգամավորների մեքենաներին անցնել, ճանապարհները բացում են միայն ռազմական տրանսպորտի և շտապօգնության մեքենաների համար և միայն համոզվելուց հետո, որ այդ մեքենաներում պատգամավորներ չկան:

Պատգամավորների մի խումբ փորձել է ճեղքել բարիկադները, սակայն ցուցարարները սկսել են քարեր նետել նրանց ուղղությամբ, իսկ թիկնապահներն օդ են կրակել:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պատգամավորների մի մասը կարողացել է մտնել շենք և զբաղեցնել իրենց տեղերը, պատգամավորների մի մասն էլ հրաժարվել է մասնակցել այսօրվա նիստին և աջակցել է քաղաքացիների բողոքին:

Երեքշաբթի ծրագրված է խորհրդարանի նիստ, որի ընթացքում պետք է ընդունվեն մի շարք օրենքներ, այդ թվում՝ ընդհանուր համաներման մասին օրենքը, որի դեմ էլ պայքարում են ցուցարարները:

Քաղաքացիները կարծում են, որ համաներման միջոցով բանտերից կարող են դուրս գալ և պատասխանատվությունից խուսափել կոռումպացված նախկին պաշտոնյաները, իսկ փորձագետները նշում են, որ նույն եղանակով բանտերից կարող են դուրս գալ ահաբեկչական խմբավորումներին հարող ծայրահեղականները: