«ՆԱՏՕ-ն տիեզերքը դաշինքի գործունեության ոլորտ կճանաչի». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն վաղը տիեզերքն ամենայն հավանականությամբ դաշինքի գործունեության ոլորտներից մեկը կճանաչի: Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանն ընդառաջ՝ Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է РБК-ն:
Ստոլտենբերգի ելույթը հեռարձակվել է իր թվիթերյան էջում:
«Ես ակնկալում եմ, որ նախարարները կհամաձայնեն տիեզերական տարածությունը ճանաչել որպես օդային, ցամաքային ոլորտներին, կիբեռտարածությանը հավասարազոր գործունեության առանձին շրջանակ»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատել է, որ դաշինքը մտադիր չէ այնտեղ զենք տեղակայել: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի մոտեցումը պաշտպանական է և համապատասխանում է միջազգային իրավունքին:









