Վրաստանում ցույցերի ժամանակ 6 մարդ վիրավորվել է, 37-ը` ձերբակալվել

04:56 • 19.11.19

Թբիլիսիում խորհրդարանի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 37 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Korrespondent-ը` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը:

Նշվում է, որ Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ցույցերի ժամանակ վիրավորվել է 7 մարդ, որոնցից 2-ն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են: Հաղորդվում է, որ ձերբակալությունները վարչական իրավախախտումների հետ են կապված` ոստիկանների օրինական պահանջներին չհնազանդվել և խուլիգանություն:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: