ԱՄՆ-ն հայտարարել է, որ ճանաչում է Պաղեստինի տարածքում Իսրայելի բնակավայրերը. Նեթանյահուն արձագանքել է՝ «Թրամփը շտկեց պատմական անարդարությունը»

10:19 • 19.11.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայում է ԱՄՆ-ի դիրքորոշումը Պաղեստինի տարածքում իսրայելական բնակավայրերի օրինականության վերաբերյալ և այլևս չի համարում, որ դրանց գոյությունը հակասում է միջազգային իրավունքին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է  russian.rt.com կայքը:

«Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայում է Բարաք Օբամայի վարչակազմի մոտեցումն իսրայելական բնակավայրերի հարցում: Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի կառուցումը չի հանդիսանում միջազգային իրավունքի խախտում»,- ասել է Պոմպեոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր դիվանագիտական միջոցներով կնպաստի Իսրայելի և Պաղեստինի հակամարտության խաղաղ լուծմանը:

Սեպտեմբերին իսրայելական կառավարությունը վարչապետ Նեթանյաուի՝ Հորդանանի արևմտյան ափին Իսրայելի ինքնավարությունը տարածելու ծրագրի շրջանակում ընդունել է Հորդանանի հովտում իսրայելական բնակավայրերի կառուցումը:

Պոմպեոյի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նշել, որ վերջինս «շտկել է պատմական անարդարությունը»:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ասել եմ, որ նա ուղղել է պատմական անարդարությունը: Ինչ-որ մեկին պետք էր ասել պարզ ճշմարտությունը, և Թրամփը վարվեց այնպես, ինչպես Գոլանի բարձունքների ճանաչման և ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ժամանակ»,- գրել է Նեթանյահուն Twitter-ում:

Նեթանյահուն նշել է, որ իրենք «օտար հողում չեն գտնվում», և դա ավելի քան 3000 տարի է, ինչ հրեաների հայրենիքն է, իսկ ԱՄՆ-ի քայլը, ըստ Իսրայելի վարչապետի, կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: