The Crown սերիալում արքայազն Չարլզի դերակատարը հայտնել է, որ արքայազնը «սպասում է իր մոր մահվանը, որպեսզի իր կյանքը վերջապես իմաստավորվի»
«Էմմի»-ի մրցանակակիր The Crown («Թագը») հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի դերակատար Ջոշ Օ'քոնորը հայտնել է, որ արքայազնի դերը կերտելով՝ հասկացել է, որ նա «սպասում է իր մոր մահվանը, որպեսզի իր կյանքը վերջապես իմաստավորվի», գրում է Insider-ը:
Netflix-ի հայտնի սերիալի 29-ամյա դերասանը բրիտանական GQ-ին տված հարցազրույցում խոսել է դերին ամիսներ շարունակ պատրաստվելու և արքայազն Չարլզի կյանքի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու մասին:
«Աստիճանաբար հանգում եմ այն մտքին, որ նա սպասում է իր մոր մահվանը, որպեսզի վերջապես իմաստավորի իր կյանքը: Նրա ամբողջ կյանքն անցել է անորոշության մեջ»,- հայտնել է նա:
Արքայազն Չարլզի հարաբերությունները մոր՝ Էլիզաբեթ 2-րդի հետ, մասնավորապես, կարտացոլվի սերիալի երրորդ եթերաշրջանի ընթացքում, որը ներկայացնում է 1964-1976 թվականները:
The Crown սերիալը պատմում է Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհու, թագուհի լինելու դժվարությունների, թագավորական ընտանիքի անդամների և նրանց պարտականությունների մասին:










