ՆԱՏՕ-ին խորհուրդ են տվել պատրաստ լինել Ռուսաստանի հետ պատերազմին

19:21 • 22.11.19

ՆԱՏՕ-ին խորհուրդ են տվել ամրապնդել պաշտպանությունը Ռուսաստանի հետ սահմանին։ Այս մասին ասվում է Շվեդիայի պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի զեկույցում, որն արվել է երկրի պաշտպանության նախարարության պատվերով։

Զեկույցի հեղինակները վերլուծել են, թե որքան արագ դաշինքը կարող է արձագանքել Մերձբալթյան երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակմանը։  Նրանք ընդգծել են, որ Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում զորքերի տեղակայման համար ՆԱՏՕ-ին յոթ-ութ շաբաթ է հարկավոր, մինչդեռ Մոսկվան ավելի արագ է գործում՝ գրեթե մեկ-երկու շաբաթ։

Զեկույցում նշվում է, որ դաշինքին հաջողվել է բարձրացնել մարտունակությունը «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) գործողության շնորհիվ, որի շրջանակներում մի քանի հարյուր զինծառայողներ են ուղարկել Ռուսաստանին սահմանակից երկրներ: Նշվում է նաև, որ ճգնաժամի կամ պատերազմի պայմաններում նման «ժամկետները կարող են բավարար չլինել»:

Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ հետազոտությունը կօգնի մտածել դաշինքի հետագա քայլերի մասին։

2019 թվականի հոկտեմբերի 31-ին ՆԱՏՕ-ում ընդգծել էին, որ դաշինքը Մոսկվայի հետ չի կարող «սովորականի պես փոխգործակցել», եթե Ռուսաստանը չփոխի իր վարքագիծը։

Մոսկվայի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության և Ուկրաինայի հետ վատթարացել են 2014-ին, երբ Ղրիմը հանրաքվեի արդյունքում մտավ Ռուսաստանի կազմի մեջ։  Պաշտոնական Կիևն ու Արևմուտքի երկրները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները։