Բոլիվիայի կառավարությունը նախկին նախագահ Էվո Մորալեսի նկատմամբ քրեական հետապնդում է սկսել

23:43 • 22.11.19

Բոլիվիայի կառավարության նախարար Արտուրո Մուրիլիոն դատախազությանը նյութեր է ներկայացրել՝ նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ քրեական գործ հարուցելու համար: Այս մասին գրում է ria.ru-ն։

Մուրիլյոն երկրի նախկին ղեկավարին մեղադրում է խռովություն և ահաբեկչություն հրահրելու մեջ։

«Ապացույցներն ակնհայտ են, մենք դրանք ներկայացրել ենք։ Էվո Մորալեսի դեմ ապացույցը տեսագրությունն է, տեսագրության մեջ հստակ լսվում են քաղաքացիների սպանության և քաղաքի պաշարման վերաբերյալ նրա կոչերը»,-լրագրողներին ասել է Մուրիլիոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ խոսքն այն տեսագրության մասին է, որը նախարարը ցուցադրել էր նոյեմբերի 20-ին։ Տեսագրությունում Մորալեսը Մեքսիկայում իր ապաստանից իբրև հրահանգներ է տալիս բողոքի ակցիաների վերաբերյալ։

Նախկին նախագահն այդ տեսանյութը մոնտաժ է անվանել։

Բոլիվիայում բողոքի ակցիաներն սկսվել են հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններից հետո:

Բոլիվիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Էվո Մորալեսը հրաժարական էր ներկայացրել: Հրաժարականներ էին ներկայացրել նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան, Սենատի խոսնակ Ադրիանա Սալվատերրան և Պատգամավորների պալատի խոսնակ Վիկտոր Բորդան, արտգործնախարար Դիեգո Պերին:

Ավելի ուշ Բոլիվիայի Սենատի փոխխոսնակ Ժանին Անյեսը հայտարարել էր, որ Էվո Մորալեսի հրաժարականից հետո կստանձնի երկրի ղեկավարի պարտականությունները: