Ավելի քան 600 մլն եվրո, 507 անշարժ գույք. Բաշար ալ Ասադի հարազատներին Իսպանիայում մեղադրում են փողերի լվացման համար
Իսպանիայում «ավելի քան 600 մլն եվրո» փողերի լվացման համար մեղադրվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հարազատները: Իսպանիայի ազգային դատարանի դատավորի որոշմամբ` նոյեմբերի 22-ին քրեական գործ է հարուցվել Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆատ ալ Ասադի՝ Բաշար ալ Ասադի հորեղբոր դեմ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Մեղադրանքը վերաբերում է ևս 13 մարդու, որոնց թվում են 82-ամյա Ռիֆատ ալ Ասադի ութ երեխաները և նրա երկու կանայք:
Ենթադրվում է, որ 1980-ական թվականներից նրանք Իսպանիայի տարածքում գործել են որպես «կազմակերպված հանցավոր խումբ»: Նրանց սեփականությունն է համարվում 507 անշարժ գույք՝ 695 մլն եվրո ընդհանուր արժողությամբ, ասված է իսպանական դատական մարմինների հայտարարության մեջ:
Բացի այդ, խումբը գործել է նաև այլ երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:
Ըստ հաղորդման՝ նրան կամ նրա գլխավորած ընտանեկան կազմակերպությանն է պատկանում նաև Boeing 727 ինքնաթիռը, մի քանի զրահապատ ավտոմեքենա, ինչպես նաև երեք նավ։
Ռիֆատ ալ Ասադը ստիպված էր եղել Սիրիան լքել 1983 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, երբ փորձել էր իշխանությունը խլել իր ավագ եղբայր Հաֆեզ ալ Ասադից՝ Բաշար ալ Ասադի հորից:
Ռիֆատ ալ Ասադի դեմ արդեն նմանատիպ գործեր են ընթանում Ֆրանսիայում և Շվեյցարիայում:










