Միլանի հայկական եկեղեցում կատարվածը բեմադրություն էր. ռազմական գործիչը՝ ադրբեջանցի բլոգերի՝ Փաշինյանին հարց ուղղելու միջադեպի մասին (տեսանյութ)

18:04 • 23.11.19

Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ Միլանի հայկական եկեղեցում ՀՀ վարչապետի ելույթի ժամանակ ադրբեջանցի բլոգերի հետ կապված միջադեպը  հետևողական ու հետաքրքիր է այնքանով, որ կապված է «վարչապետի բարի համբավի հետ»։

«Երկրորդ անգամ նման բան տեղի ունեցավ, երբ ադրբեջանցին հանդիպեց ՀՀ վարչապետին. առաջին անգամ մի ադրբեջանցի վարչապետին գրիչ նվիրեց, երկրորդ դեպքն էլ սա էր, երբ Միլանի հայկական եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ», ասաց Գևորգ Գևորգյանը՝ «Սոցիալական շարժում» միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ այնպես է ստացվում, որ կարողանում են հասնել վարչապետի մոտ, կարողանում են հարցեր տալ, որով վարչապետը ցանկանում է ասել, թե ինքը ժողովրդավար է:

Ըստ Գևորգյանի՝ եկեղեցու կատարվածը բեմադրություն էր։ Նա կարծում է, որ  վարչապետի անվտանգություն ապահովողները բավականին փորձառու են, ուստի նրանց կողքով դժվար թե ինչ-որ մեկը կարողանար անցնել և մոտենալ վարչապետին.

«Սա է պատճառը, որ ես այդ ամենը չեմ համարում միջադեպ, այլ բեմադրված ինչ-որ քայլ։ Այդ երբվանի՞ց է թուրքը դարձել հրեշտակ, նա միշտ էլ նույնն է մնացել։ Հիմա ինչո՞ւ է առաջնագծում համեմատաբար անդորր, և ինչո՞ւ է թշնամին առաջնագիծն այդպես ամրապնդում»,- հավելեց Գևորգ Գևորգյանը։

Նա նաև ընդգծեց, որ բոլորը պետք է հասկական, որ խաղաղության համար անհրաժեշտ են իրական քայլեր, և եթե ժողովուրդը ցանկանում է ապրել խաղաղ, պետք է ուժեղ լինի։

«Մենք երբեք չենք կարող խաղաղ ապրել, եթե ներսում ամուր չլինենք, եթե երկիրը բաժանենք հին ու նոր Հայաստանի»,- ասաց Գևորգ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, Գևորգյանն ասաց՝ չկա որևէ մեկը, որը կարող է ներկայացնել, թե որն է այդ տարբերակը։

Մանրամասները՝ տեսանյութում։