Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ոչինչ չփոխվեց, կառավարության դիմաց պայքարը շարունակելու ենք. Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ոչինչ չփոխվեց, դրական արձագանք չունենք: Մենք՝ սևազգեստ մայրերով պատարաստվում ենք նորից ու նորից պայքարել, հինգշաբթի կլինենք կառավարության դիմաց: Այս մասին լարգրողների հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Մենք պիտի լինենք վերջին սևազգեստ մայրերը, որոնք իշխանությունների կողմից անուշադրության մատնվեցին: Եթե «Մարտի 1-ի» դեպքերով արեցինք մի քայլ, ֆինավորեցինք 2008-ի մարտի 1-ին զոհվածների հարազատներին, ապա հենց 2008-ի զոհված զինծառայողների ընտանիքներին ինչի՞ չանդրադարձանք: Թող «Մարտի 1-ի» դեպքերին զոհվածների հարազատներին տային 100 մլն, 200 մլն, մենք դեմ չենք, բայց նույն թվականին մենք ունեինք բազմաթիվ զոհեր, արդյո՞ք էդ ընտանիքներին անտեսելու իրավունք ունեինք:
Նիկոլ Փաշինյանին ներկայացրել ենք տարբեր ժամանակահատվածներում զոհվածների թիվը՝ 6646 հոգի: 2008-ի մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն են փոխհատուցել, թող մեզ էլ փոխհատուցեն»,-նշեց Մարգարիտա Խաչատրյանը:
Մարգարիտա Խաչատրյանն ասաց նաև, որ ամեն քննարկումից հետո հիասթափվում է: Նա ընդգծեց, որ կանգնած են բանակի կողքին, բայց թույլ չեն տա, որ սևազգեստ մայրերի իրավունքները խախտվեն: Անդրադառնալով սոցցանցերում իրենց հասցեին հնչեցվող քննադատություններին և հայհոյախառը վիրավորանքներին՝ Մարգարիտա Խաչատրյանն ասաց.
«Ես բանակին տվել եմ ամենաթանկը. միակ վախս եղել է այն, որ միակ զավակիս կկորցնեմ: Իսկ էսօր էս շեմին վախի զգացում չունեմ: Ես իմ ժողովրդի կողքին եմ: Պիտի պայքարեմ, որ իմ նման մամաների թիվը չավելանա, որ զոհվածի մայրերը մուրացիկներ չդառնան, ազատամարտիկները հաց չմուրան: Միշտ պայքարել եմ անօրինականությունների, ոտնձգությունների դեմ»,-նշեց նա:
Ըստ նրա՝ մտահոգիչ է, որ մինչ օրս բանակում խաղաղ պայմաններում զոհվածներին առնչվող ոչ մի գործ չի բացահայտվում, ինքնասպանության վարկածները չեն հերքվում:
Մանրամասները՝ տեսանյութում:









