Անօթևանների կացարանում մեկ հարկի տակ 100 հոգի է ապրում. սնունդը տեսա, իմ լացը եկավ. Մարինա Խաչատրյան (տեսանյութ)
Տարբեր քաղաքական հարթակներում մարդիկ հավաքվում են, կոնսոդիլացվում են, բայց ես չտեսա մի հարթակ, որտեղ հավաքված կլինի ժողովուրդը, ես փաստում եմ, որ սա առաջին հարթակն է, որտեղ հավաքվել է ժողովուրդը՝ հենց իր հարցերը բարձրաձայնելու համար: Այս մասին «Սոցիալական շարժման» հիմնադրման միջոցառման ժամանակ ասաց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ բազմաթիվ հայտարարություններ են հնչել, որ մեր երկրում որոշողը լինելու է ժողովուրդը: Խաչատրյանն ասաց, որ իրենք այսօր հավաքվել են, որպեսզի որոշումներ կայացնեն և ասեն, թե ժողովուրդն ինչ է ուզում:
«Իսկ ի՞նչ է ուզում ժողովուրդը: Ժողովուրդն ուզում է, որպեսզի չլինի մանկավաճառություն, երբ որ մենք դա բարձրաձայնում ենք, մեզ սկսում են քննադատել, դիմում են ոստիկանություն, մեր հետևից ուղարկում են ոստիկաններին, ԱԱԾ-ին, որ լռե՞նք: Մենք չենք լռելու: Ժողովուրդն ուզում է ունենալ աշխատանք. այսօր մենք տեսնում ենք, որ գործազրկության թիվն ավելանում է: Մարդիկ թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցներից ազատվում են աշխատանքից: Բա ո՞վ է լուծելու իրենց հացի խնդիրը: Մենք ուզում ենք, որ անտուններ չլինեն, բայց այսօր ունենք փաստ. անօթևանների կացարանում մեկ հարկի տակ ապրում է 100 հոգի, ովքեր չեն ստանում նորմալ բուժում: Որևէ առողջապահական խնդիր չի լուծվում: Սնունդը դուք տեսե՞լ եք, եթե տեսնեք, ձեր լացը կգա, իմը եկել է»,- ասաց Խաչատրյանը:
Նա նաև հավելեց, որ ժողովուրդն ուզում է, որ իրենց երեխաները ստանան արժանապատիվ կրթություն, սակայն ասում են, որ հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը պետք չեն: Խաչատրյանի խոսքով՝ ժողովրդի ուզածը նաև սահմանների ապահովությունն է, սակայն այսօր քննադատվում ու վարկաբեկվում են մեր գեներալները:
«Ինչո՞ւ մենք դա պիտի հանդուրժենք, ինչ է թե ինչ-որ տիկին հայտարարել է, որ եկեք գտնենք այլ հերոսներ»,- նշեց Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









