Թրամփը հաստատել է էլեկտրոնային ծխախոտների օրինական օգտագործման նվազագույն տարիքը մինչև 21 տարեկանը բարձրացնելու ծրագրի մասին լուրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հաստատել է էլեկտրոնային ծխախոտների օրինական օգտագործման նվազագույն տարիքը մինչև 21 տարեկանը բարձրացնելու ծրագրի մասին տեղեկությունները, գրում է CNBS News-ը:
«Մենք կսահմանենք 21 տարեկանը»,- լրագրողներին հայտնել է Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանն էլեկտրոնային ծխախոտների շուրջ կայացած հանդիպման ժամանակ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև առողջապահության նախարար Ալեքս Ազարը, սենատոր Միթ Ռոմնին և ծխախոտի արդյունաբերության մի շարք ներկայացուցիչներ:
Այնուհանդերձ, Թրամփը զգուշորեն է արտահայտվել էլեկտրոնային ծխախոտների ամբողջական արգելման հեռանկարի մասին: Թրամփն իրավիճակը համեմատել է ԱՄՆ-ում այն «կոշտ» օրենքի դարաշրջանի հետ, որի շրջանակում իշխանություններն անհաջող փորձել էին արգելել ալկոհոլի արտադրությունը։
«Եթե դուք նրանց դա թույլ չեք տալիս, ապա (ապրանքը) անօրինական կերպով կհայտնվի երկրում: Փողոցներում սարսափելի բաներ կվաճառեն»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ իշխանություններն ուղիներ են փնտրում էլեկտրոնային ծխախոտներով պայմանավորված թոքային հիվանդությունների դեմ պայքարի համար: Վերջին տվյալներով՝ թոքային հիվանդություններից մահացել է 39 մարդ: Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը սրընթաց աճում է դեռահասների շրջանում:










