Թբիլիսիում ցուցարարները տաշտով ջուր են բերել՝ բողոքելով խորհրդարանի նախագահի՝ Կոմո լճում հանգստանալու դեմ
Թբիլիսիում վրացի ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի դեմ և տաշտով ջուր բերել խորհրդարանի շենքի մոտ: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Ցուցարարների խոսքերով, երբ իրավիճակը երկրում այսքան լարված է, խորհրդարանի նախագահն իրավունք չունի մեկնելու Իտալիայի Կոմո լիճ՝ հանգստանալու:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, պատգամավորներ Իլյա Ցուլայան և Բեքա Օդիշարիան իրենց 30 ընկերների հետ Կոմո լճի մոտակայքում գտնվող շքեղ հանգստավայրում այցելել են գործարար Գեորգի Բարվենաշվիլիին:
Դրան ի պատասխան խորհրդարանի նախագահ Թալակվաձեն նոյեմբերի 22-ին Facebook-ի ուղիղ եթերի միջոցով հայտնել էր, որ գտնվում է Թբիլիսիում:
Թալակվաձեի ուղիղ եթերից հետո նրա դեմ ելույթ է ունեցել «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավոր Գեորգի Կանդելակին: Պատգամավորը նշել է, որ Ստամբուլից ինքն ու մեկ այլ պատգամավոր Գիգի Ծերեթելին Թբիլիսի են վերադարձել Եվրոպական ժողովրդական կուսակցության նիստից հետո, սակայն Արչիլ Թալակվաձեն, որը նրանց հետ գտնվում էր այնտեղ, նույն չվերթով չի վերադարձել: Կանդելակին կոչ է արել Թալակվաձեին բարձրագոչ հայտարարություններ անելու փոխարեն ներկայացնել իր վերջին չվերթի տոմսը, որպեսզի ապացուցի իր խոսքերի իսկությունը:









