ԱՄՆ-ում ձերբակալվել է 13-ամյա դպրոցական, որը սպառնացել է սպանել դասընկերներին և դպրոցի անձնակազմին

03:49 • 23.11.19

Լոս Անջելեսում ձերբակալվել է 13-ամյա դպրոցական, որը սպառնացել է սպանել դասընկերներին և դպրոցի անձնակազմին: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը` հղում անելով տեղի ոստիկանությանը:

Նշվում է, որ դեռահասի տանը հայտնաբերվել է հրացան, 100 փամփուշտ, դպրոցի գծագիրը և այն աշակերտների ու դպրոցի անձնակազմի անդամների անունները, որոնց նա պլանավորել է սպանել: Դեռահասի հետ միասին ձերբակալվել է նրա ընտանիքի անդամներից մեկը, սակայն որքանով է նա կապված միջադեպի հետ` չի մանրամասնվում:

Ձերբակալվածի դասընկերները պատմում են, որ ուրբաթ օրը նա սպառնացել է սպանել իրենց: Այդ մասին նրանք հայտնել են դպրոցի տնօրինությանը, որոնք էլ, իրենց հերթին, տեղյակ են պահել ոստիկանությանը: Դրանից հետո իրավապահ մարմինները խուզարկել են դեռահասի բնակարանը: