Կրեմլում շոկի են ենթարկվել Սիրիայում ռուսական խմբի կողմից սիրիացի զինծառայողի սպանության տեսանյութից

17:44 • 23.11.19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում ծանոթացել են այն տեսանյութի հետ, որում ենթադրաբար ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական միավորման անդամները դաժանաբար սպանում են սիրիացի զինծառայողին:  Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

«Դա իրոք շոկային ինֆորմացիա է»,-ընդգծել է Պեսկովը:

Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը ավելացրել է, որ Կրեմլը ոչ մի տեղեկատվություն չունի տեսանյութի հրապարակման մասին, ինչպես նաև ոչ մի կապ չունի այն դեմքերի հետ, որոնք երևում են տեսանյութում: «Ռուսաստանի քննչական մարմինները անհրաժեշտության դեպքում կարող են հետաքննություն սկսել կատարվածի վերաբերյալ»,-նշել է Պեսկովը:

«Վագների խումբ» մասնավոր ռազմական միավորման զինյալները Աֆրիկայի մի քանի երկրներում օգնում են անվտանգության պահպանմանը: Նրանք մասնակցել են նաև Դոնբասում և Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողություններին, ինչպես նաև Սուդանում աջակցել էին նախագահ Օմար ալ-Բաշիրին:

նոյեմբերի 21-ին, «Новая газета»-ն տեսանյութ է հրապարակել, որում մի քանի ռուսերեն խոսող և զինվորական հագուստով անձինք դաժանաբար ծեծում, սպանում և ապա անդամահատում են արաբի նման մի տղամարդու:

Նշենք, որ «Новая газета»-ն գրել է, որ «Վագների խումբ» ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության մի քանի անդամներ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի բանակից դասալիքի են մահապատժի ենթարկել: Դաժան տեսանյութը համացանցում էր հայտնվել 2017 թվականի հունիսին, սակայն հասկանալ, թե ովքեր են դրանում պատկերված, հաջողվել է միայն այժմ: